25.11.2024
Կարապետյանը դիմելու է դատախազին` հետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ցույցերը վեր են ածվում պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի․ ԱԱԾ տնօրեն

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:


-Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր հայտ­նում Հա­յաստանում ձևա­վոր­ված լարված մթնոլորտի և դրանով պայմանավորված ՀՀ ազգային անվտան­­գու­թյանը սպառնացող միտումների ձևավորման ու ակտիվացման կապակցությամբ։ Ծա­­ռայության բերումով որպես հանրապետության ներսում և դրսում տիրող օպերատիվ իրա­վի­ճա­­կին առավել տեղեկացված պաշտոնյաներից մեկը՝ կմանրամասնեք, թե ինչով են պայմանա­վոր­­ված այդ մտահոգությունները։


-Ինչպես գիտեք, ՀՀ Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազ­գա­յին անվտանգու­թյան ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծ­ման հա­մար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշ­խա­նության, պե­տա­կան սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահ­մանադրական կար­գի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շա­հե­րի ապահովումը, հան­­րապետության պաշտպանունակության ամրապնդումը։


Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունե­ցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյուն­քում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտան­­գությանն սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։


Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հա­յաս­տանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված և հետևո­ղական աշխա­տանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը և պետականու­թյան, համախմբվածության և Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափար­նե­րի կարևորումը։


Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդա­պատ­­ճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախ­­տել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխա­նու­­թյանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։


Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպե­րատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տա­լիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու և քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ և խմբա­վորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշ­խա­նությանը, պե­տա­կան սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։ Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմա­նել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետևանքները հնա­­րա­վոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխա­ներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։


Նման ծրագրերին չեմ վարանում հրապարակային այդպիսի գնահատականներ տալ նաև այն պատճառով, որ առանձին անձինք և խմբավորումներ, ցանկանալով օգտվել ստեղծված իրա­վիճակից, փորձում են հանրորեն վտանգավոր արարքների միջոցով էլ ավելի բարդացնել իրա­վի­ճա­կը, ավելին՝ իրենց ծրագրած բռնի գործողությունների միջոցով հանրապետությունում տարա­ծել վախի մթնոլորտ։


Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հան­­րապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։


Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։


Որպես հայ, զավակ և ծնող՝ խոհեմության և համերաշխության կոչ եմ անում, բայց նաև որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, զգուշացնում եմ, որ «պղտոր ջրում ձուկ որսացող» որևէ մեկը, նորից եմ կրկնում՝ առանց բացառության, ոչ ոք անպատիժ չի մնալու, այդպիսի ցանկացած անձի յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական։


Միաժամանակ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիներն ունեն այնքան խոհեմություն, որ իրենք էլ կարող են ճիշտ եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր Հայրենիքը քաոսի չվերածելու լավագույն ու կշռադատված լուծումների վերաբերյալ։


Հիշեցնենք, Արդեն 10 օր է ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել էր դեպի Էրեբունի` բողոքի ակցիաները շարունակելու համար։ Սակայն ճանապարհին ոստիկանության հետ բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։


Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։