Հայաստանում հավատարմագրված արեւմտյան պետությունների դեսպանությունների ու դիվանագետների ուշադրության կենտրոնում է Երեւանում ու այլ մեծ քաղաքաներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ապրիլի 13-ից չդադարող բազմահազարանոց բողոքի ակցիաները:
VERELQ-ի տեղեկություններով արեւմտյան պետությունների դեսպանները փորձում են հասկանալ Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի տրամաբանությունը եւ դրա հանգուցալուծման հանարավոր սցենարները: Նրանք ակտիվ հանդիպումներ են վարում ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժերի հետ: Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպաններն արդեն հանդիպել են «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդների հետ:
«Բոլորին հետաքրքրում է մեկ հարց. բոլոր դեսպանները ցանկանում են հասկանալ, թե ինչ սցենարներով կարող են զարգանալ Հայաստանում սկիզբ առած բողոքի մասայական ակցիաները: Ո՞րն է լինելու հանգուցալուծումը, ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը: Նրանք, սակայն, այժմ անմիջական կապի դուրս չեն գալիս Փաշինյանի հետ, փորձում են հասկանալ իրավիճակը, խաղը եւ դրա հետեւում կանգնածներին, որպեսզի նոր իրականացնեն որոշակի քայլեր: Այժմ ուղղակի հնչեցնում են ընդհանրական կոչեր առ այն, որ ակցիաների ժամանակ տեղի չունենան բախումներ ու բռնություններ», - VERELQ-ի հետ զրույցում Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանների հետ հանդիպուների մասին պատմեց ընդդիմադիր գործիչներից մեկը՝ չցանկանալով նշել իր անունը:
Նրա խոսքով, իրավիճակին շատ ուշադիր, սակայն հայտարարություններում կրկին զգուշավոր, հետեւում են ԱՄՆ-ում: «ԱՄՆ-ի դեսպանը ոչ մի կերպ չի ցանկանում երեւալ, գուցե նույն այն պատճառով, որ անորոշություն է տիրում եւ չեն հասկանում գործընթացի տրամաբանությունը», - ասաց նա:
Այս լուրը հաստատեցին մեր եւս երկու աղբյուրներ, որոնք ծանոթ էին արեւմտյան դիվանագետների հետ քննարկումների բովանդակությանը: Մեր զրուցակիցները տեղեկացրեցին, որ «Ելք» դաշինքի գծով Նիկոլ Փաշինյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերները՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իրենց նախկին մոտեցումն առ այն, որ դեմ են Փաշինյանի գործելաոճին եւ չեն աջակցում դրան:
Մեր զրուցակիցները նշում են, որ այժմ շատ նուրբ պահ է եւ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ամեն կերպ պետք է խուսափեն արտաքին քաղաքական պահանջներից:
«Շատ կարեւոր է, որ ամեն անգամ կրկնվի, որ սա ուղղված չի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեւմուտքի դեմ: Հատկապես Ռուսաստանի մասով սա պետք է միշտ կրկնել սա: Շատ լավ է, որ Փաշինյանն ապրիլի 20-ի ելույթում հղում կատարեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ փաստացի նշելով, որ սա շահեկան է ՀՀ-ում սկսած բողոքի ցույցերի գործընթացի համար», - եզրափակեց մեր զրուցակիցը՝ եւս մեկ անգամ նշելով, որ ՀՀ-ի քաղաքական դաշտում այժմ կատարյալ ճգնաժամային անորոշություն է ու հատկապես արեւմտյան դիվանագետները խառնաշփոթի մեջ են: