25.11.2024
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել. կրակի սյունը բարձրացել է 150 մետր
prev Նախորդ նորություն

«Հայելային պատասխան». Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետներին

Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետներին՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» ռուս դիվանագետների արտաքսման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հաղորդվում է, որ այս քայլը հայելային բնույթ է կրում։ Այսպես՝ Ռուսաստանը պետք է լքեն 4 լեհ, 3 լիտվացի, 1 լատվիացի, 2 իտալացի դիվանագետ։


Նաև արտաքսվում են Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից և էստոնացի ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք բոլորը պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 7-ը։ ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնից պահանջել է նաև հավասարեցնել Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին, դրա համար Լոնդոնին հատկացվել է 1 ամիս։


«Սա ափսոսանք է առաջացնում, սակայն Ռուսաստանի նախկին քայլերից ելնելով՝ մենք ակնկալում էինք նման պատասխան»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ում Լիտվայի դեսպանն ու Մոլդովայի դեսպանատան ներկայացուցիչն այցելել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Դրանից առաջ հայտնի է դարձել Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչի ժամանման մասին։ Ավելի ուշ ԱԳՆ շենքին է մոտեցել Չեխիայի դեսպանատան ներկայացուցչին տեղափոխող մեքենան։


Մինչ այդ, ԱԳՆ են այցելել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Ռումինիայի և Նիդեռլանդների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր մի շարք երկրների դեսպաններին նախարարություն կանչելու մասին։ Նշվել է, որ կանչվել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք «Սկրիպալի գործով» ոչ բարեկամական քայլ են կատարել Ռուսաստանի նկատմամբ, նրանց կհանձնվեն բողոքի նոտաներ։


Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորումից հետո Եվրամիությունը ի համերաշխություն Լոնդոնի հետ է կանչել իր դեսպանին ՌԴ-ից ու դիտարկում է Մոսկվայի դեմ միջոցներ կիրառելու հնարավորությունը:


Մի շարք պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրներից շատերը, ի նշան սոլիդարության Մեծ Բրիտանիային, արտաքսել էին իրենց երկրից ՌԴ-ի դիվանագետներին: