ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ նախարարությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
«2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը: Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայքում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «Վիզամետրիկ» ընկերությունը:
Մարտի 28-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ «Վիզամետրիկ»-ը ռուս-թուրքական համընկերություն է, որի գլխամասը գտնվում է Թուրքիայում։
Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։ Սա առաջացրել է մեծ ռեզոնանս հանրության շրջանում՝ կապված անձնական տվյալների պաշտպանվածության հետ, քանի որ դրանց՝ ոչ վստահելի կազմակերպության ձեռքերում հայտնվելու եւ Թուրքիային փոխանցելու մտավախություն կա:
Խնդիրը վերջնականապես ստացավ քաղաքական երանգ, երբ դրան արձագանքեցին քաղաքական գործիչները: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը դիմեց ՀՀ կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրման տրամադրումը «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ կապված:
«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը, կապված ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրի համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ, տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյան: