Ալիեւը մառազմատիկ պահանջներ կներկայացնի նաեւ մյուս հարեւան պետություններին. Ռուբեն Սադոյան
Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։
Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։
Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։
Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։
Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։
Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: