VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մտահոգություն է հայտնել, որ զինված հակամարտության վերսկսման վտանգը մեծանում է: «Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնալով մեծանում է: Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից և իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար, կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Կոզլարիչը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։ Մեր տեղեկություններով, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են հետ պահել նրան այդ քայլից։ Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»։ Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ եւս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայաստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն։ Փողոց դուրս գալուն դեմ չէ նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»:
«Իրատես» թերթը գրում է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարեւոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայանա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատրվակը եւ մուրազը փորում թողեց: Պատասխան հարվածի հնարավորությունը ընդդիմությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց: Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թեւից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ամենաճիշտ որոշումը քաղաքականությունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլապես շատ բան ջրի երես դուրս կգա:
«Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը: Այստեղ են ասել. «Խաչն իմն է« զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն, առաջիկա կարեւոր իրադարձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հասկացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի»:
Նույն թերթը գրում է. «Ասում են, թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը: Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լեւոն Սարգսյանին, այլեւ մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը: Ու հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: Ու մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գեւորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը, թե նախնական տեղեկությամբ` վարչապետի անվտանգության աշխատակիցն է արագությունը գերազանցել, Արարատյանն ասաց, թե ծանոթ է այդ վարկածին, եւ եթե իրոք նման բան է եղել, համապատասխան կարգով տուգանքները կվճարվեն: «Ենթադրաբար դա կարվի անվտանգության աշխատակցի կողմից, քանի որ նա միայնակ է եղել` առանց ուղեկցող կորտեժի»,- ասաց նա: Նկատենք, որ վարչապետի թիկնազորի անդամները մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար աչքի են ընկնում բարձր արագությամբ սլանալով, ընդ որում, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, երբ չեն ուղեկցում վարչապետին»:
Նույն թերթը գրում է. ««Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում, մարտի 1 -ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար: Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու, մի հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Սա առիթ է դարձել, որ քաղաքացիներն այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն: Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանոթային եւ հորմոնային հիվանդություններով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձեւավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլեւս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլեւս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շարժումն ըստ էության գոյություն չունի այլեւս, եւ բացի այդ` իրենք անձնական գործերով են զբաղված»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու: Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում, որ մարտի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ընդդեմ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով» կայացվելիք վճիռների»:
Նույն թերթը գրում է. «Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։ Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին: Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ նամակն է, որտեղ վերջինս գրում է՝
«Բարեւ։ Էլենն ասեց փոխանցեմ, էսօր երեկոյան ժամը 9-ին ազատության ռադիոկայան էջում Զարուհի Փոստանջյանը պետք ա էֆիռ անի։ Պետք ա ֆեյք էջ բացես ֆեյսում ու քոմենթներ գրես ՀՀԿ-ի, քաղաքապետարանի գործունեության մասին՝ լավ առումով։ Հետո սքրին կանես, կուղարկես Էլենին»: Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել է: Վերջինս Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Մեր զրույցում նա ասաց, որ Աստղիկ Մկրտչյան անունով էջն իրենն է եղել, սակայն հիմա ջնջված է: Հարցին՝ ինչու է ջնջված, Աստղիկը սկզբում չուզեց պատասխանել, ապա ասաց, որ իր էջը կոտրել են, եւ այդ նամակն ինքը չի գրել»: Նույն ֆակուլտետի 4-րդ կուսրի ուսանողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, (որի կուրսեցին է եղել Էլենը), մեր զրույցում ասաց, որ Էլեն Պարոնյանն աշխատել է ՀՀԿ-ի շտաբում, բայց թե ում համար՝ ուսանողուհին չգիտեր»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին: ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի: ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաեւ, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները եւ կարողանար վերաիմաստավորել Արեւելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողություններ պայմաններում:
Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա Վերանայված Հարեւանության քաղաքականություն ձեւավորեց եւ Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նրա համոզմամբ, այդ ժամանակը նաեւ Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները եւ հնարավորությունները, որոնք ԵՏՄ է տալիս Հայաստանին: «Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը եւ օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը՝ անկախ ՀՀ-ԵՏՄ անդամակցության, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ եւ հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք եւ առաջընթաց ակնկալում»,- նկատել է խորհրդարանականը»: