25.11.2024
Աջակողմյան ղեկով ավտոմեքենաները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա. նախարարություն
prev Նախորդ նորություն

Վարչապետը կարևորել է ՀՀ-ում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը:

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները:

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:


Հիշեցնենք, որ 2016 թվականին տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում է ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը, որը գրանցված է Լա Մանշի կղզիներից մեկում, իսկ կենտրոնակայանը տեղակայված է ԱՄՆ-ում՝ Կոլորադո նահանգում:


Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ենթարկվել է բացասական գնահատականի թե՛ միջազգային, թե՛ տեղական մակարդակի կազմակերպությունների կողմից, սակայն այդ ծրագիրը իրականցվում է։ Բնապահպանները  շարունակում են ահազանգ հնչեցնել՝ ծրագիրը վերջ կդնի Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի ու զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը, կվնասի Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհին: