Հակամարտող պետությունների, հատկապես ԼՂ հակամարտության պարագայում, սպառազինության մատակարարման վրա էմբարգոյի առկայությունը վերջ կդնի այն խոսակցություններին, թե եթե «ես զենք չվաճառեմ, այլ պետություն կվաճառի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանին ու Հայաստանին հիմնական սպառազինության մատակարար հանդիսացող ռուսական կողմի այն փաստարկներին, որ եթե իրենք չվաճառեն զենք, ապա այլ պետություններ դա կանեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայում 2016 թ-ի օգոստոսին անդրադարձավ Ադրբեջանի հետ ռազմական գործարքների հարցին:
Պուտինի խոսքով, սպառազինությունների արդի շուկայում յուրաքանչյուր պետություն կարող է ձեռք բերել գրեթե յուրաքանչյուր տեսակի զենք: «Տվյալ դեպքում Ադրբեջանի նման նավթարդյունահանող պետությունը գրեթե 10 մլն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ ու բավականին մեծ արժութային ու ոսկու պահուստներով, կարող է զենք գնել յուրաքանչյուր վայրից: Հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուր: Սակայն ես չէի ցանկանա այժմ կենտրոնանալ խնդրի ռազմական կողմի վրա: Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը, ապա դա պետք է անել խաղաղ ճանապարհով», - ընդգծել էր ՌԴ ղեկավարը:
Շավարշ Քոչարյանն այս խնդրի վերաբերյալ ժամանակին հանդես է եկել առաջարկով, որի մասին բարձարաձայնեց նաև այսօր: «Ես առաջարկել էի, ես չեմ ասում, որ դա պետական կամ ԱԳՆ որոշումն է, իմ առաջարկն է, որ քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ, հնարավորություն, փորձեն հասնել նրան, որ լինի նման գոտիներում, մասնավորապես մեզ մոտ, զենքի մատակարարման էմբարգո: Դա կլիներ հարցի լուծում, որևէ պետություն չէր կարողանա ասել, որ եթե ես չվաճառեմ, ուրիշից կգնեն»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:
Միևնույն ժամանակ սակայն նա ընդունում է, որ բարդություններ կան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նման որոշում կայացնելու հարցում, բայց դա հավանական է, որովհետև «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները պետք է շահագրգռված լինեն»:
Սպառազինության միջազգային շուկայում երկրորդ դիրքում գտնվող Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակարարն է: Տարբերությունն այն է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միջազգային գներով, իսկ Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցի, զինատեսակները տրամադրում է մի քանի անգամ ցածր, ներպետական գներով:
Մատակարարումների այս սխեման, որը հաճախ զայրույթ ու սուր քննադատություն է առաջացնում ՀՀ հանրային ու քաղաքական շրջանակներում, ըստ փորձագետների, թույլ է տալիս Հայաստանին պահել Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը: