Պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ժամեր առաջ է վերադարձել Բրյուսելից:
ԻՆչպես հայտնում է «Ազատությունը», դեսպանի խոսով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար։
«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երևանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին և համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Մեր՝ Եվրամիության կողմից ամեն ինչ նախապատրաստվում է»,- ասաց Սվիտալսկին:
Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունների ֆոնին հնարավոր է, որ նոր ճնշումների գործադրմամբ՝ վտանգվի նաև այս համաձայնագրի ստորագրումը, Սվիտալսկին միայն վերահաստատեց՝ Եվրամիությունը «ստորագրմանն է պատրաստվում»։
Մոտ 10 օր առաջ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ «ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք»:
Սվիտալսկին այսօր հիշեցրեց նաև Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների դյուրացման բանակցությունների մասին՝ նշելով․ «Հայաստանի հետ հիմա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն է ընթանում, կարծում եմ շատ արդյունավետ երկխոսություն է»:
Դեսպան Սվիտալսկին նաև Հայաստանում նոր ներդրումների հեռանկարի մասին խոսեց, նշելով, որ իրենց կարծիքով Հայաստանի ապագան կրթության ոլորտի զարգացման մեջ է, ուստի հենց այդ ոլորտում ներդրումներ կանեն: «Մենք, որպես Եվրամիություն, խորհրդակցեցինք և որոշեցինք Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակում մեծ ներդրումներ կատարել կրթության ոլորտում:
Չեմ կարող հիմա կոնկրետ ծրագրեր նշել, բայց կարող եմ ասել, որ արագ կգործենք, և շատ շուտով այդ ամենը հրապարակային կդարձնենք: Մենք երկու բազմամիլիոնանոց ծրագիր ունենք, որ ուզում ենք իրագործել Հայաստանում: Եվ սա միայն սկիզբն է»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը: