23.11.2024
Ինչո՞ւ հանրությունը չի բողոքում ջրի սպասվող թանկացումից, իսկ մտահոգ ակտիվիստները՝ լռում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ակտիվացում, իսրայելական գործոն. Որքա՞ն կտևի Իրանի չեզոքությունը Ղարաբաղի հարցում

Վերջին օրերին Իրանի քաղաքական օրակարգում անդրադարձը ղարաբաղյան հիմնախնդրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Սակայն ակնհայտ է, որ իրանական կողմից հնչող հայտարարությունները ոչ այնքան արարողակարգային պահերով են թելադրված, որքան տարածաշրջանային զարգացումների և հակամարտության կարգավորման գործընթացում նոր խաղացողների ներգրավման նկրտումներին հակազդելու Թեհրանի պատրաստակամությամբ: 


Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը: Մասնավորապես, Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:


Իսկ արդեն այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օժանդակել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը, որոնք էլ կարող են ազդեցություն ունենալ ավելի լայն տարածաշրջանի վրա:


«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին:


Հայկական կողմի արձագանք


Ստեփանակերտը միշտ բարձր է գնահատել Իրանի՝ արցախյան հակամարտության խնդրում ի սկզբանե ցուցաբերված կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը.


«Արցախը բարձր է գնահատում նմանօրինակ դիրքորոշումը։ Իրանը 1990-ականներին ընդհուպ հանդես է եկել ակտիվ միջնորդական առաքելությամբ։ Այժմ այդ առաքելությունը կարծես պասիվ փուլում է, բայց ակտիվ է մնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Արցախյան հակամարտությունն այդ աշխարհաքաղաքականության մի բաղադրիչն է, ոչ թե առանձին վերցրած խնդիր։ Հետևանբար Իրանն ազդեցություն է գործում նաև տարածաշրջանում քաղաքական գործընթացնրի վրա։ Թեհրանը մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բացառել պատերազմը և ուժի կիրառումը։ Սա շատ կարևոր է, քանի որ բխում է նաև Իրանի շահերից։ Այդ երկիրն է, որն անմիջապես սահամանակից է և Հայաստանին, և Արցախին, և Ադրբեջանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է խոսնակը: 


Բաբայանն ընդգծել է, որ Իրանը հրաշալի կերպով հասականում է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմն իրեն կամա թե ակամա կդարձնի հակամարտության մասնակից։


«Այդպես եղել է 1991-1994 թվականներին, երբ Ադրբեջանն ապօրինի կերպով օգտագործել է Իրանի տարածքը, այդպես եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հրթիռակոծել է Իրանի տարածքը՝ իհարկե հետո հայտարարելով, որ պատահաբար»,- հավելել է նա:


Հայացք Մոսկվայից


Մինչդեռ ոչ բոլորն են կիսում այն կարծիքը, թե ղարաբաղյան հարցում Թեհրանը, իրականում, «լավ բարեկամ է» Երևանի և Ստեփանակերտի համար: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու ֆոնին միամիտ են հնչող այն տեսակետները, թե Երևանը կկարողանա Թեհրանով փոխարինել Մոսկվային: Մարկեդոնովը շեշտում է՝ պրակտիկորեն դա անհնար է անել առաջին հերթին այն պատճառով, որ հենց Թեհրանը դրան պատրաստ չէ, քանզի Իրանի առաջնահերթությունները գտնվում են Մերձավոր Արևելքում և ոչ թե Հարավային Կովկասում և թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և թե՛ տնտեսական հնարավորությունները համեմատելի չեն Ռուսաստանի ռեսուրսների հետ:


Մարկեդոնովը միայն մի հարցում է համամիտ հայկական կողմից հնչող տեսակետների հետ՝ Իրանի դիրքորոշումը կարևոր է հակամարտության կարգավորման գործընթացի կոնտեքստում.


«Միևնույն ժամանակ Իրանի զուսպ դիրքորոշումը շատ կարևոր է ղարաբաղյան հակամարտության հարցում՝ թելադրված բանակցությունների այլընտրանք չունենալով, ստատուս-քվոյի փոփոխման վտանգով, առանց հակամարտող կողմերի և հարևանների շահերը հաշվի առնելու արտատարածաշրջանային խաղացողների խաղի կանոնների թելադրանքով: Եվ այն կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի համար»,- հավելում է նա:


ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Իրանը


Ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ընթանում Իրանի միջնորդական առաքելության կարևորության մասին: Իհարկե, բացահայտ չի քննարկվում այն տարբերակը, որ Իրանը մաս կազմի Մինսկի խմբին, բայց Թեհրանից նմանօրինակ մեկնաբանություններ պարբերաբար հնչում են: Ընդ որում, Թեհրանի այդ նկրտումների մասին հայտարարություններն ավելի հնչեղ են դառնում ղարաբաղյան հիմնահարցում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությանը զուգահեռ: 


2016 թվականի հունվարին, ապրիլյան «Քառօրյա պատերազմից» ամիսներ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց , որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, երկրորդ անգամ նույն հայտարարությունը հնչեց արդեն ապրիլյան սրացումից անմիջապես հետո՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը:


Ապրիլից հետո, երբ լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերադարձել է իր նախկին, երբեմն արթնացող հրաբխի կարգավիճակին, պաշտոնական Թեհրանը շարունակում է այդ մասին բացահայտ խոսել: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից.


«Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ ընտրել են Մինսկի խումբը, սակայն միևնույն ժամանակ երկու կողմն էլ դժգոհ են Մինսկի խմբի գործունեությունից. Իրանը շատ լավ ընկալում է այդ հանգամանքը և գիտի, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման հարցում շատ բան չի կարող անել, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից երեքը ներգրավված են այդ խմբում: Եթե ինչ-որ պահի կողմերը ցանկանան, որպեսզի Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ, ապա այդ ժամանակ մենք կներկայացնենք մեր նախագիծն ու հակամարտության լուծման եղանակները»,- նշել է նա:


Իսրայելական գործոն


Իրանի ակտիվությունը կամ, այսպես ասած, նախկինում ավելի չեզոք դիրքորոշման փոփոխությունը մեկ այլ հասցեատեր էլ ունի՝ Իսրայելի որոշակի նկրտումներն այս դաշտում: Հայտնի է, որ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը և, բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին։ Պաշտոնական Թեհրանն այս մասին արդեն հասցրել է հանդես գալ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների: Մասնավորապես, այս մասին վերջերս հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:


Լարիջանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:


Իրանագետ Վարդան Ոսկանյանը Լարիջանիի հայտարարությունը գնահատելիս հայտարարել էր՝ այս ամենի տակ Իրանի նախազգուշացնումն է Բաքվին՝ Արցախի հարցում չեզոքությունն առայժմ չփոխելով: Նրա խոսքով՝ Իրանը սկսել է հայտարարությունների մակարդակով զգուշացնել Ադրբեջանին թե՛ Արցախյան հակամարտության սրման և թե՛ հակաիրանական դիրքորոշում ունեցող պետությունների հետ գործակցության կապակցությամբ.


«Ադրբեջանի իշխանությունները Իսրայելի հետ համագործակցությամբ մոտենում են այն կարմիր գծին, որից այն կողմ Իրանի վրդովմունքը և Իրանի գործողությունները զսպելը չափազանց դժվար կլինեն, որովհետև թե՛ 2016թ. դեկտեմբերին Իսրայելի վարչապետի այցը Բաքու, թե՛ այս տարվա ընթացքում զանազան հանդիպումները Ադրբեջանի և Իսրայելի միջև, իսրայելցի փորձագետների, նախկին դիվանագետների հայտարարությունները առ այն, որ Իսրայելը պատրաստվում է ամենաարդիական սպառազինությունը տրամադրել Բաքվի բռնապետի վարչակարգին, լրջորեն անհանգստացրել են նաև Իրանին: Նշված սպառազինությունը կամ ադրբեջանա-իսրայելական գործակցությունը այլ ոլորտներում շատ դեպքերում ուղղված են Իրանի դեմ: Միևնույն սպառազինությունը, որը կարող է կիրառվել Արցախյան հակամարտության գոտում, նույն հաջողությամբ գործածվում է Իրանի դեմ, հետևաբար իրանցիները խիստ անհանգստացած են այս փաստով և ձեռնարկում են քայլեր նաև դիվանագիտական հարթության մեջ՝ զանազան հայտարարությունների տեսքով»,- հայտարարել էր փորձագետը:


Ըստ Ոսկանյանի՝ առկա է մի կարևոր հանգմանք ևս՝ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում միտված է նաև սահմանափակելու կամ լիովին դուրս մղելու իրանցիներին այս տարածքից, բայց հայտնի է, որ Իրանը Ադրբեջանի ներսում ունի համակիրների հսկայական բանակ.


«Խոսքը շիա հավատացյալների մասին է, որոնց նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են: Բոլորովին վերջերս Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դիմաց ցույց անելու պատրվակով ձերբակալվեցին մի քանի տասնյակ շիա հավատացյալներ: Եթե նայենք Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, ապա դրանց մեծամասնությունը կազմում են հենց իրանամետ շիաները, ինչը ցուցիչ է առ այն, որ իրանցիները նաև զգալի ներկայություն ունեն այս պետության ներսում: Հետևաբար ադրբեջանական վարքագծի նման աննորմալ շարունակության դեպքում իրանցիներն ունեն բոլոր լծակները՝ թե՛ սահմանափակելու Ադրբեջանի մանևրի դաշտը իսլամական երկրների շրջանակում, թե՛ նաև ազդելու Ադրբեջանի ներքին իրավիճակի կամ ներքին զարգացումների վրա՝ օգտագործելով իրենց ազդեցության տարբեր խողովակները»,- հավելել էր նա:


Լիա Խոջոյան