23.11.2024
Ինչո՞ւ է Արևմուտքը ֆինանսավորում Մեծամորի ԱԷԿ-ը՝ պնդելով վերջինիս փակման անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ հանրությունը չի բողոքում ջրի սպասվող թանկացումից, իսկ մտահոգ ակտիվիստները՝ լռում

Օրերս VERELQ-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է բարձրացնել սակագները և առաջիկայում այս նպատակով ընկերությունը պատրաստվում է դիմել պետական կարգավորող մարմնին:


«Վեոլիա ջուր»-ը նախկինում ջրով ապահովում էր Երեւանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, պայմանագրում նշվում է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ), ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:


Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար՝ հասնելով 180 դրամի 1 խմ-ի դիմաց, այդ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով:


Լուրը, հասկանալիորեն, բավականին բուռն ընդունվեց հանրության կողմից, սակայն ինչպես արդարացիորեն ոմանք նշում են՝ սոցիալական ցանցերում բողոքելուց զատ այլ գործողության ականատես չեղանք: Ինչն էլ, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ սոցիալական պայմանները Հայաստանում գնալով վատանում են և, թվում էր, հանրությունը պետք է որ ամեն նման լուրը ցավագին ընդունելով՝ բողոքի ձայն բարձրացներ: Մանավանդ, որ օրինակը բոլորս լավ հիշում ենք՝  2015 թվականի Էլեկտրական բունտը, երբ հունիսի 27-ին կենտրոնական Բաղրամյան պողոտան արգելափակվեց ցուցարարների կողմից, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը: Որոշները այդ ակցիայի տակ քաղաքական ենթատեքստ էին դնում, հատկապես նրանք, ովքել այդ ամենի ֆոնին նորից առաջ քաշեցին Հայաստանը Ռուսաստանից պոկելու և դեպի Եվրամիություն ուղղելու գաղափարը: Թեև հենց կազմակերպիչները շեշտում էին, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալական բունտ է:


Իհարկե, մենք ամենևին էլ չենք ակնարկում, որ ժողովուրդը դարձյալ դուրս գա փողոց ու փակի Բաղրամյանը: Սակայն համաձայնեք՝ ավելի քան տարօրինակ է նման քար անտարբերությունը, երբ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է սակագինը թանկացնել ոչ թե 1-2 դրամով, այլ միանգամից 14 դրամով: Գուցե լռության ու անտարբերության պատճառը նրանում է, որ այս ամենի ետևում այս անգամ ոչ թե ռուսական, այլ եվրոպական ընկերություն է, իսկ Եվրոպայի դեմ բոողոքելու ֆինանսավորում որոշ շրջանակներ չե՞ն ստացել:


Այդպես, բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Փիղը, ֆրանսիական ընկերության կողմից ջրի սակագնի թանկացման մասին գրառում է կատարել, որում հարց է բարձրացնում՝  քանի՞ էլեկտրամայդանչի դուրս կգա փողոց բողոքելու եվրոպական խայտառակ մենեջմենթի դեմ: Ինքն էլ պատասխանում է՝ ոչ մեկը.


«Ասեմ՝ զրո: Նույնիսկ հակառակը կարող ա լինի՝ դուրս գան, պահանջեն ֆրանսիացիներից, որ նախատեսվածից շատ թանկացնեն»:


Բլոգերը նաև բացատրություն ունի, թե ինչու է այդպես.


«ՌԴ-ի դեմ տարբեր ինֆոառիթներով ցույցեր անելու, «տռավլյա» տարածելու համար փող են տալիս, իսկ մնացածից, նույն պարագայում, չկա»:


Հիշեցնենք նաև, որ մեկ տարի առաջ՝ հերթական թանկացման նախաշեմին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը հայտարարել էր, որ «Վեոլիա Ջրի» հետ կնքված պայմանագրի համաձայն սակագները վերանայվելու են ամեն տարի, բայց ունենալու են նվազման միտում: Այսօր, սակայն, ունենք հակառակ պատկերը՝ ֆրանսիական ընկերության կողմից տրամադրվող ծառայություններից դժգոհ հազարավոր սպառողներ, որոնց մեծ մասը հատկապես այս շոգ ամռանը օրերով մնում են առանց ջրամատակարարման: Եվ ամեն տարի թանկացող սակագին, քանի որ ՀԾԿՀ-ին հայտը ներկայացնելուց հետո այն քննարկվելու է 90 օրերի ընթացքում, այսինքն՝ թանկացումը կարելի է սպասել արդեն 2018 թվականի հունվարից:


Հ. Գ. Այս տարեսկզբից նվազեց էլեկտրաէներգիայի սակագինը, որը ջրի գնի վրա ազդող գործոններից մեկն է։ Ըստ պայմանագրի դրա փոփոխությունը 13 տոկոսով ազդեցություն է ունենալու ջրի բազիսային սակագնի ճշգրտման վրա։


Լիա Խոջոյան