1995թ-ից մինչ օրս հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման համար դոնոր երկրների աջակցությունը կազմել է շուրջ 160 մլն․ ԱՄՆ դոլար։ Այս գումարից 65 միլիոնը տրամադրել է ԱՄՆ-ն, 55 միլիոնը՝ ԵՄ-ն, 8 միլիոնը՝ ՌԴ-ն, 7 միլիոնը՝ ԱԷՄԳ-ն և 25 միլիոնը այլ պետությունները։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Տվյալ հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է արևմտյան հիմնադրամների կողմից և հաճախակի հանդես գալիս տարածաշրջանում ՌԴ-ի քաղաքականության և Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ քննադատությամբ, պարբերաբար ներկայացնում է ՀՀ պետական մարմինների ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին տեղեկություններ և տվյալներ: Այս անգամ ՀԿ-ն անդրադարձել է հայկական ատոմակայանին հատկացված դրամաշնորհային աջակցությանը։
Հայկական ԱԷԿ-ի անվտանգության խնդիրները բացահայտվում են Ատոմային էներգիային միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պարբերաբար իրականացվող առաքելությունների շրջանակներում։ Հայկական ԱԷԿ-ում անվտանգության մակարդակի առկա պակասորդը լրացնելու համար մշակված են և 1995թ-ից կատարվում են անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
«Բացի այս 160 մլն դոլարը, ՀՀ-ՌԴ համագործակցության շրջանակներում իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքներ՝ ՌԴ-ի կողմից տրամադրված 270 մլն ԱՄՆ դոլարի արտահանման վարկի և 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցով։ Ռուսական կողմը 30 միլիոնի գույքը հայկական կողմին է փոխանցել 270 միլիոնի գույք վարկով ՌԴ-ից վերցնելու պայմանով», - ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորուման» հայտարարության մեջ:
Պատկերն ավելի ադզեցիկ դարձնելու նպատակով սույն ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ատոմակայանին տրամադրված անհատույց դրամաշնորհները ներկայացված են նաև տոկոսային հարաբերկացությամբ. «Անհատույց դրամաշնորհները 34 տոկոսը տրամադրվել է ԱՄՆ-ից, 29 տոկոսը ԵՄ-ից, 20 տոկոսը Ռուսաստանից և մնացած 13 տոկոսը ԱԷՄԳ-ից և այլ երկրներից»։
Հաղորդագրության վերջում, ցանկանալով ամեն կերպ ընդգծել արևմտյան դրամաշնորհների պատկառելի չափերը, ՀԿ ներկայացուցիչներն իրենց միտքը ձևակերպել են հետևայլ կերպ. «Ստացվում է, որ չնայած նրան, որ այս տարիների ընթացում հայկական ատոմակայանը ավելի շատ աջակցություն ստացել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից, բայց բոլորը քաջատեղյակ են միայն ռուսական դրամաշնորհից և վարկից, իսկ մնացած անհատույց աջակցությունների մասին տեղեկությունները լայն տարածում չեն գտել»։
Միևնույն ժամանակ նման իրավիճաներում, երբ խոսքը շատ զգայուն խնդրի մասին է, հատկապես կարևոր է ներկայացնել ողջ պատկերը: Իսկ պատկերն այսպիսին է: Նույն Եվրամիությունն ու այլ արևմտյան երկրներ, որոնց «դրամաշնորհային շռայլության» մասին բարձրաձայնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը», իրականում պնդում են Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշությունը: Իսկ ատոմակայանը Հայաստանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ: Այն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը և ՀՀ-ի էներգետիկ համակարգի անվտանգության ու կայունության առանցքային դերակատարներից է:
Եվրամիությունը պատրաստ է նոր ու ավելի մեծ դրամաշնորհներ էլ հատկացնել, սակայն ատոմակայանի փակման համար: Այդ նպատակի համար ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ Բրյուսելը պատրաստ է Հայաստանին հատկացնել 200 մլն դոլար: Հատկանշական է, որ միջազգային հարթակներում բացի ԵՄ-ից, ՀԱԷԿ-ի փակման ուղղությամբ ակտիվ լոբիստական աշխատանքներ են տանում Թուրքիան ու Ադրբեջանը:
Ռուսաստանն ու Հայաստանը 2015 թ-ին ստորագրել են համաձայնագիր Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգման համար 270 մլն ԱՄՆ դոլարի վարկի և 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացման մասին:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը նախատեսում էր կառուցել մեծ հզորությամբ նոր ատոմակայան: Այնուհետև, սակայն, հաշվի առելով նոր նախագծի ֆինանսավորման և պոտենցիալ շուկայի բացակայության խնդիրները, գործադիրը փոփոխություններ մտցրեց իր ծրագրերում և անցյալ տարի հայտարարեց միջին հզորության նոր էներգաբլոկ կառուցելու մտադրության մասին: 2017թ. հունիսին հրապարակվեց ՀՀ նոր կառավարության նոր՝ 2017-22թթ. ծրագիրը: Ի զարմանս շատ փորձագետների, անցած 20 տարիների ընթացքում առաջին անգամ կառավարության ծրագրում բացակայում էր ՀԱԷԿ նոր բլոկի շինարարության մասին որևէ մի դրույթ: