«Վեոլիա ջուր»-ը պատրաստվում է ջուրը թանկացնել
Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է բարձրացնել սակագները: Այս նպատակով ընկերությունը պատրաստվում է դիմել պետական կարգավորող մարմնի:
News.am-ը հիշեցնում է, որ «Վեոլիա ջուր»-ը նախկինում ջրով ապահովում էր Երեւանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Պայմանագրում նշվում է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի:
Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով սակագնի մասին հայտ ներկայացնելով՝ ընկերությունը պետք է փաստաթղթերով հիմնավորի պահանջը: Հանձնաժողովը հայտը պետք է քննի այն ստանալուց հետո 90 օրվա ընթացքում:
«Վեոլիա ջուր»-ը ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկությունն է: