23.11.2024
Թուրքիայի ակտիվացում, իսրայելական գործոն. Որքա՞ն կտևի Իրանի չեզոքությունը Ղարաբաղի հարցում
prev Նախորդ նորություն

Ակտիվ գործողության անցնելու ազդանշա՞ն. ԱՄՆ-ն խանդում է ՌԴ առաջնորդությանը ՄԽ-ում

Նախօրեին հրապարակված դրույթները վաղուց հայտնի են: Դրանցում ոչ մի հրատապ ու նոր բան չկա: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հրապարակված ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերին:


Բալայանը հիշեցրեց, որ առաջին անգամ այդ դրույթները հրապարակվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009 թվականին:


Երեկ երեկոյան Ամերիկայի ձայնը «հրատապ» գրառմամբ տարածեց տեղեկատվություն, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Երևանը, սակայն, բավականին սառն արձագանքեց հրապարակվածին՝ նախ, որևէ նոր բան դրանում չտեսնելով, իսկ բացի այդ, սա ընկալվեց որպես հերթական հիշեցում, որ դեռ շատ անելիք կա ու հարկ է շարունակել աշխատանքն ու պայքարը կարգավորման ուղղությամբ:


Ուշագրավ է, որ կետերը հրապարակվեցին այն նույն օրը, երբ Սոչիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ ռազմավարական դաշնակից երկրների ղեկավարները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Իսկ մինչ այս հանդիպումը, ուղիղ մեկ ամիս առաջ, Վլադիմիր Պուտինն ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և դարձյալ քննարկել իրավիճաակի Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ավելին պաշտոնական լրահոսը չէր մանրամասնել, բայց ակնհայտ է, որ այդ հանդիպումից հետո Ադրբեջանը շփման գծում սադրանքների և իրավիճակը ավելին լարելու քայլերի չի դիմել և վերջին մեկ ամիսը անցել է հարաբերական հանգիստ: Սակայն դրան զուգահեռ ադրբեջանական զինուժը ակտիվացել էր հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը պահելով կրակահերթի տակ: Բացի նյութական վնասից, որ հակառակորդի նման պահվածքը իր հետ առաջ բերեց՝ վնասելով տանիքներ, տներ, հրդեհելով դաշտեր ու խոչընդոտելով բերքահավաքին, ՀՀ ԶՈւ՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր նաև պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը: Սա ապացուցում է մեկ բան՝ Ադրբեջանը չի կարող դավաճանել իր արնախում քաղաքականությանը ու եթե ինչ-ինչ պատճառներով կամ հրահանգով ստիպված է իրեն զսպել Ղարաբաղում, ապա իրեն ոչինչ ետ չի պահում իր սադրանքներն իրականացնել մեկ այլ վայրում, որը դուրս է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տիրույթից: Ինչևէ:


Ամերիկացի համանախագահի կողմից բոլորին հայտնի դրույթները հերթական անգամ հիշատակելը, թերևս, նպատակ ունի ցույց տալու, որ կարգավորման գործընթացում առաջնորդի դեր ամենևին էլ Ռուսաստանը չունի, թեև ակնհայտ է, որ դա հենց այդպես է: ԱՄՆ-ն, այսպես ասած, չի կարողանում թաքցնել իր խանդը, թեև արդարության համար հարկ է նշել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Հարավային Կովկասին ու Ղարաբաղյան հաակամարտությանը՝ ուշադրությունն ուղղելով այլ տարածաշրջանների: Ավելի վաղ ռուսական «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրին գրել էր, որ Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչեւ տարեվերջ։ 


«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի՝ Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մյուս համանախագահների (Ֆրանսիա եւ ԱՄՆ) փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- ասվում էր հոդվածում։


Վերջերս նաև՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Այնտեղ էլ հնչել է պետությունների նախագահների հանդիպումը կազմակերպելու առաջարկությունը։ Մինչդեռ ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության հետ նման շփումներ չեն ունեցել:


Երբ հակառուսական պատժամիջոցների նոր խմբաքանակի մասին հայտնի դարձավ, հայտարարվեց, որ ԱՄՆ և Ռուսաստանի միջև դրա ֆոնին ավելի լարված հարաբերությունները չեն խանգարի ռուս և ամերիկացի համանախագահների միասնական աշխատանքին: Ցավոք, Հոգլանդի երեկվա հայտարարությունը, որով նա հիշեցրեց վաղուց արդեն հայտնի դրույթները, այդպիսով թարմացնելով թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի հիշողությունը, այն կարող է ընկալվել որպես ակտիվ գործողությունների անցնելու ազդանշան: Եվ հասկանալի է, թե կողմերից կոնկրետ որն այդ գործողությունների հեղինակը կդառնա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջերս սկսել է հասցեական հայտարարություններով հանդես գալ և մատնանշել Ադրբեջանին, իբրև լարվածության հրահրողի: Տեսնենք, թե երեկվա իրադարձությունները՝ Սոչիում հանդիպումը, Հոգլանդի հիշողության թարմացումը ուր կտանեն:


Պարզապես հիշենք նաև, որ ամեն անգամ Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին Ադրբեջանը դիմում է սադրանքների: Իսկ նախագահների հանդիպմանը կարծես այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, իսկ ԱՄՆ-ն արդեն դժվարությամբ է թաքցնում իր խանդը, ինչից լավ հոտ չի գալիս:


Լիա Խոջոյան