Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում, խոսելով Ադրբեջանին ռուսական արտադրության սպառազինություն վաճառելու խնդրի մասին, ասել էր, որ պաշտոնական Մոսկվան բարձր մակարդակով զենքի վաճառքի մասին հայտարարություններ չի արել:
Հարցազրույցում Սարգսյանը, նախ, նշել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման խնդիրը «հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է»։ «Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, եւ միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռեւս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետեւանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություններին Ռուսաստանը պատասխանում է, թե դա բիզնես է, բացի այդ՝ այդպիսով Մոսկվան ռազմական հավասարակշռություն է պահպանում հակամարտող երկրների միջեւ, նախագահը նշել է, որ ռուսական կողմը պաշտոնապես հրապարակավ նման պատասխան չի տվել: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ռուսական կողմը պաշտոնապես կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով, այլ ոչ թե քաղաքագետների կամ նույնիսկ որեւէ պաշտոնյայի միջոցով:
Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առնվազն մեկ անգամ հենց Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայում 2016 թ-ի օգոստոսին անդրադարձել է Ադրբեջանի հետ ռազմական գործարքների հարցին:
Վլադիմիր Պուտինի խոսքով, սպառազինությունների արդի շուկայում յուրաքանչյուր պետություն կարող է ձեռք բերել գրեթե յուրաքանչյուր տեսակի զենք: «Տվյալ դեպքում Ադրբեջանի նման նավթարդյունահանող պետությունը գրեթե 10 մլն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ ու բավականին մեծ արժութային ու ոսկու պահուստներով, կարող է զենք գնել յուրաքանչյուր վայրից: Հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուր: Սակայն ես չէի ցանկանա այժմ կենտրոնանալ խնդրի ռազմական կողմի վրա: Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը, ապա դա պետք է անել խաղաղ ճանապարհով», - ընդգծել էր ՌԴ ղեկավարը:
Սպառազինության միջազգային շուկայում երկրորդ դիրքում գտնվող Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակարարն է: Տարբերությունն այն է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միջազգային գներով, իսկ Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցի, զինատեսակները տրամադրում է մի քանի անգամ ցածր, ներպետական գներով: Մատակարարումների այս մոտեցումը, որը հաճախ զայրույթ ու սուր քննադատություն է առաջացնում ՀՀ հանրային ու քաղաքական շրջանակներում, ըստ փորձագետների, թույլ է տալիս Հայաստանին պահել Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը:
Պատկերն ավելի հասկանալի դարձնելու համար ներկայացնենք այն թվերով: Հայաստանի ռազմական բյուջեն տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 450 մլն դոլար, որի 70 տոկոսը ուղղվում է պահպանման ու ադմինիստրատիվ ծախսերին: Ադրբեջանի ռազմական բյուջեն գոնե մինչև 2015 թ-ի վերջը կազմում էր շուրջ 3 մլրդ դոլար: Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունի մեխանիզմով իրականացվող սպառազինությունների մատակարարումները թույլ են տալիս ՀՀ-ին կոմպենսացնել 2,5 մլրդ դորալի (համեմատած Ադրբեջանի հետ) ռազմական ծախսերի դեֆիցիտը:
Հ.Գ. Ռուսաստանը սկսեց Ադրբեջանի հետ սպառզինությունների մատակարարման միլիարդավոր դոլարների հասնող գործարքներ իրականացնել 2010 թ-ից հետո, երբ Մոսկվան Երևանի հետ կնքեց Գյումրու ռազմաբազայի ՀՀ-ում տեղակայման ժամկետի մինչև 2044 թ-ը երկարացնելու մասին համաձայնագիրը: Նույն այդ համաձայնագրով Ռուսաստանն իր վրա վերցրեց ՀՀ զինված ուժերին ժամանակակից սպառազինություններով ապահովելու հարցը, իսկ Գյումրու 102-րդ ռազմաբազայի խնդիրներն ընդլայնվեցին: Այժմ Գյումրու ռազմաբազայի հիմնական խնդիրներից է ՀՀ զինված ուժերի հետ Հայաստանի անվտանգության պաշտպանությունը: