23.11.2024
Հայաստանում ցանկանում են արգելափակել ադրբեջանական և թուրքական ռադիոալիքների ներթափանցումը
prev Նախորդ նորություն

Դեֆոլթից ավելի վատ. ի՞նչ տեղի ունեցավ Ադրբեջանի խոշորագույն բանկի հետ. Forbes

Forbes ամսագիրը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի խոշորագույն բանկի՝ Ադրբեջանի Միջազգային բանկի խնդիրներին։


Հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում b4b.am կայքը։


* * *


Մայիսի 11-ին Ադրբեջանի Միջազգային բանկը դեֆոլթ հայտարարեց: Դա հանրապետության խոշորագույն և հնագույն բանկերից է, որի ակտիվները (գրեթե 10 միլիարդ դոլար) կազմում են Ադրբեջանի ողջ բանկային համակարգի ակտիվների 40%-ը:


Անկման պատմությունը


Բանկն սկսել է աշխատել դեռևս 1990 թվականին՝ որպես ԽՍՀՄ «Վնեշէկոնոմբանկի» ադրբեջանական բաժանմունք:
Ի սկզբանե, կառավարությունը պլանավորում էր մասնավորեցնել հանրապետության բոլոր բանկերը, սակայն հետո որոշեց պահել Ադրբեջանի Միջազգային բանկի վերահսկիչ փաթեթը:


Արդյունքում, 1990-ականներից և մինչև 2015 թվականը, բանկի սեփականատերերի կառուցվածքը մնաց անփոփոխ. 50.2%-ը մնաց պետության մոտ, 49.8%-ը՝ մասնավոր անձանց:


Մասնավորեցման դանդաղումը, ըստ մասնագետների, սխալ էր: Խնդիրների առաջին նշանները ի հայտ եկան 2008-2009թթ.: 2009թ. հոկտեմբերին Fitch գործակալությունը հաշվարկեց, որ Ադրբեջանի Միջազգային բանկի վարկերի գրեթե մեկ երրորդը խնդրահարույց կարելի է համարել:


Այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը բանկի կապիտալում ներդրեց գրեթե 100 միլիոն դոլար: Այդ գումարները բավականացրին մինչև 2013թ., այնուհետև բանկի կապիտալի համալրման հարցերով գործողությունները դարձան ամենամյա:


5 տարում Ադրբեջանի կառավարությունը Ադրբեջանի Միջազգային բանկի կապիտալը համալրեց գրեթե 600 միլիոն դոլարով, ինչն ահռելի գումար է 40 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար: Սակայն բանկի խնդիրները կապիտալի պարզ ներարկմամբ լուծել չստացվեց: Նավթի գնանկման ու տեղական արժույթի՝ մանաթի արժեզրկումից հետո հասկանալի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկի վարկերի մեծ մասն անվերադարձելի է:


2015թ. Ադրբեջանի Միջազգային բանկի վարչության նախագահ Ջահանգիր Հաջիևը հեռացվեց պաշտոնից (ավելի ուշ նրան մեղադրեցին փողերի դուրսբերման մեջ), իսկ պետության մասնաբաժինը բանկի կապիտալում ավելացավ մինչև 90%:


Այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը մշակեց ու ընդունեց բանկի փրկության ծրագիր՝ խնդրահարույց վարկերը պետք է փոխանցվեին Aqrarkredit պետական ընկերությանը՝ հաշվեկշռային արժեքով:


Դրա դիմաց 2016թ. սկզբին Ադրբեջանի Միջազգային բանկը ստացավ 7.5 միլիարդ մանաթի (4.7 միլիարդ դոլար՝ 2016թ. միջին փոխարժեքով) որակյալ ակտիվներ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի պարտավորությունների տեսքով: Հաշվեկշռի մաքրումից հետո Ադրբեջանի Միջազգային բանկը պետք է սեփականաշնորհվեր, սակայն դա դարձյալ տեղի չունեցավ:


Եվ թեև բանկի խնդրահարույց վարկերը փոխարինվեցին ԿԲ-ի պարտավորություններով, դա չլուծեց բանկի խնդիրները: Բանն այն է, որ Ադրբեջանի Միջազգային բանկի պարտքերը 70%-ով արտարժույթային էին: Ադրբեջանը 2011 թվականից սկսած վարում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն։ Սակայն նավթի գների անկումից հետո մանաթի արժեզրկումն անխուսափելի դարձավ:


Մանաթը դարձավ ազատ լողացող, և 2015թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հունվարը դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ գրեթե կրկնակի նվազեց:


2016թ. վերջին Ադրբեջանի Միջազգային բանկի արժութային պարտավորությունները կազմեցին 4.8 միլիարդ դոլար՝ 2 միլիարդ դոլար արժութային ակտիվների պարագայում: Այդ պահին, ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունում ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին և որոշում կայացվեց Ադրբեջանի Միջազգային բանկի արտաքին պարտավորությունների գծով դեֆոլթ հայտարարել:


2017թ. մայիսի 3-ին Լոնդոնում կայացավ հանդիպում վարկատուների հետ, որտեղ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց Ադրբեջանի Միջազգային բանկին օգնելու նոր պլանի մասին: Ադրբեջանի կառավարությունը խոստացավ հատկացնել ֆինանսական օգնության չորրորդ տրանշը՝ 3.7 միլիարդ մանաթի չափով (շուրջ 2.1 միլիարդ դոլար):


Ադրբեջանի Միջազգային բանկի արտաքին պարտավորությունները՝ 3.3 միլիարդ դոլարի չափով, ներառյալ՝ եվրապարտատոմսերը, միջբանկային վարկերն ու առևտրային ֆինանսավորումը, փոխանակվելու էին Ադրբեջանի երկարաժամկետ սուվերեն եվրապարտատոմսերի հետ՝ դիսկոնտով:


Պարտքի վերակազմավորումից հետո Ադրբեջանի Միջազգային բանկի ակտիվները կնվազեն 30 տոկոսով, իսկ բանկը հերթական անգամ պատրաստ կլինի մասնավորեցման:


Ի՞նչ պետք է սպասեն ներդրողները


Փաստորեն, Ադրբեջանը բանկային համակարգի ֆլագմանի վրա ծախսեց գումար, որը գերազանցում է դրա բոլոր ակտիվները (դրանք 2016թ. վերջին կազմեցին 13.5 մլրդ մանաթ կամ շուրջ 7.4 մլրդ դոլար): Թվում էր, թե պատմությունն այսքանով կավարտվի, սակայն Ադրբեջանի խնդիրները չավարտվեցին:


Ըստ Forbes-ի, դեֆոլթ հայտարարելու և կամավոր վերակազմավորում անցկացնելու որոշումը չափազանց անհաջող էր: Անգամ եթե բոլոր օտարերկրյա վարկատուները համաձայնեին առաջարկված պայմաններին և Ադրբեջանի Միջազգային բանկի պարտքերը փոխանակեին Ադրբեջանի սուվերեն եվրապարտատոմսերի հետ՝ առաջարկված դիսկոնտով (50%՝ սուբորդինացված եվրապարտատոմսեր ունեցողների համար, 20%՝ մյուսների), բանկի խնայողությունը կկազմեր 326 միլիոն դոլարից ոչ ավելի:


Բացի այդ՝ բանկի վերակազմավորումն արդեն հարուցել է միջազգային ներդրողների դժգոհությունը: Բանն այն է, որ անցած տարիներին Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է բանկին աջակցելու պատրաստակամության մասին:


Դա ապահովում էր նրան մատչում միջազգային ֆինանսական շուկային, չնայած նրան, որ Ադրբեջանի միջազգային բանկի խնդիրների մասին վաղուց բոլորը գիտեին:


Երկար տարիներ ոչ մի երկրում, որն ունի այնպիսի վարկային վարկանիշ, ինչպիսին Ադրբեջանինն է (BB+/Ba1 վարկանիշ՝ ըստ Standard&Poor’s –ի և Moody’s-ի, ինչպիսին Ռուսաստանինն է), ոչ մի համակարգային նշանակալից ու քվազիսուվերեն էմիտենտ դեֆոլթ չի հայտարարել:


Ադրբեջանի պետական պարտքի մակարդակը ցածր է (Ադրբեջանի միջազգային բանկի պարտքերը իր վրա վերցնելուց հետո այն կկազմի ՀՆԱ-ի 27%-ը), այս երկիրնունի մեծ պահուստներ, այսինքն՝ հարցը ոչ թե Ադրբեջանի միջազգային բանկին աջակցելու հնարավորության մեջ է, այլ հատկապես նրա փոխարեն չվճարելու, այնպես որ վերոնշյալ 326 միլիոն դոլարի խնայողության նպատակով երկրի իշխանությունները գնացին ռիսկի՝ բախվելու մի շարք դատական հայցերի, որոնք կարող են արգելափակել բանկի արժութային վճարումներն ու խուճապ առաջացնել ավանդատուների շրջանում:


Ադրբեջանի միջազգային բանկի վարկատուների դժգոհությունը հարուցում է այն փաստը, որ բանկը որոշել է անցկացնել արևմտյան օրենքով թողարկված արտաքին պարտավորությունների վերակազմավորում՝ սեփական օրենսդրության շրջանակում:


1 միլիարդ դոլարի պարտավորության միավորման մեջ ներառվեց պետական նավթային «Սոֆազ» հիմնադրամի խոշոր դեպոզիտը: Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի այն բանից հետո, երբ միավորված պարտքի 2/3-ի տերերը, որոնցից մեկ երրորդը կազմում է «Սոֆազը», քվեարկեն վերակազմավորման օգտին, դրա պայմանները պարտավորեցնող կդառնային բոլոր վարկատուների համար:


Խոշոր միջազգային հիմնադրամների համար Ադրբեջանի միջազգային բանկի դեֆոլթը կարող է չափազանց տհաճ լինել:


Եթե աչքի անցկացնենք գլոբալ պարտքային շուկան, պարզվում է, որ դրա մեծ մասը կազմում են պետական ընկերությունների պարտավորությունները՝ բավականին վատ վիճակում: Ընդ որում՝ բարձր վարկանիշներն ու ֆինանսական շուկաներին մատչումը ցածր տոկոսադրույքներով նրանք պահպանում են շնորհիվ քվազիսուվերեն կարգավիճակի: