ArmZon-ը Հայաստանի ու Արցախի արտադրանքը հասանելի կդարձնի ՌԴ բնակիչների համար
Նախօրեին իր ինտերնետ դռներն է բացել Ռուսաստանի տարածքում գործող հայկական արտադրության ապրանքների առաջին ինտերնետ-հիպերմարկետը՝ ArmZon-ը: Այսուհետ ռուսաստանցիները, ինչպես նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան, Հայաստանից հարյուրավոր կիլեմետրեր հեռու գտնվելով, գնել իսկական թոնրի լավաշ, հայկական մածուն, Արարատյան դաշտավայրի արևը տեսած միրգ ու բանջարեղեն և զգալ Հայաստանի համն ու բույրը:
VERELQ-ի հետ զրույցում «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանը նշեց, որ արդեն մի քանի ամիս է «Սպայկա» ընկերությունը, որի նախաձեռնությամբ էլ հարթակը ստեղծվել է, համագործակցում է հայ արտադրողների հետ, որպեսզի նրանց ապրանքը ներկայացվի ինտերնետ այս տիրույթում: Բացի այդ, ռուսաստանցիները դրա միջոցով կկարողանան ձեռք բերել նաև Արցախի արտադրության ապրանքատեսակներ, ինչպես նաև առանձին էջով ներկայացված է Վերնիսաժը՝ դրսից գնորդը կարող է երևանցիների ու զբոսաշրջիկների կողմից մայրաքաղաքի ամենասիրված ու կոլորիտային տաղավարներից գնումներ կատարել:
«Երեկ երեկոյան է կայքը սկսել աշխատել, արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Այս պահի դրությամբ, որպես պիլոտային, գործունեությունը սկսել ենք Մոսկվայից ու Կրասնոդարից, իսկ ընթացքում աշխարհագրությունն ավելի կընդլայնենք»,- տեղեկացրեց Թադևոսյանը:
ArmZon-ը առաջին հարթակն է ՌԴ-ում, որը հնարավորություն է տալու գնել բացառապես Հայաստանում ու Արցախում արտադրված ցանկացած ապրանք՝ սննդամթերք, խմիչք, տան համար պարագաներ, տեքստիլ, կահույք, զարդեր և այլն:
Կազմակերպիչները համոզված են, որ բավականին լուրջ զարգացում են ունենալու, քանի որ սա այն պլատֆորմն է, որը փոքր և միջին արտադրողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքն արտահանել վերջնական սպառողին: Այսինքն, այն կազմակերպությունները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի կարողանան ՌԴ արտահանեն կամ Ռուսաստանի առևտրային խոշոր ցանցերում ներկայացնեն իրենց արտադրանքը, այս հարթակի միջոցով ստանում են այդ հնարավորությունը.
«Պլատֆորմը հասանելի է լինելու բոլորի համար»,- ընդգծեց Համլետ Թադևոսյանը:
Այն, որ Արցախի արտադրանքը ևս հասանելի է լինելու ռուսաստանցիների համար, որոշակիորեն քաղաքականացնում է հարթակը, թեև մեր զրուցակիցը նշեց, որ իրենց նպատակը բացառապես տնտեսական է ու հայ արտադրողներին աջակցելը: Բայց, շարունակեց նա, այլ կերպ չէր էլ կարող լինել՝ Արցախը պետք է ու ներկայացված է լինելու հայկական տիրույթում: Եվ սա նաև արցախցի արտադրողների համար լուրջ խթան կհանդիսանա զարգացնել իրենց բիզնեսը:
Ի դեպ, Ռուսաստանի տարածքում սա նմանատիպ առաջին հարթակն է, որն առաջարկում է բացառապես մեկ երկրի արտադրանք: