Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառում իրականացնել։
Թուրքական demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP–ի Շիշլիի կառույցը նախկին 5 տարիների պես այս տարի եւս ցանկացել է Փանգալթը մետրոյի դիմաց իրականացնել «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի միջոցառումը։ Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել, ինչից հետո հիշատակի միջոցառումն անցկացվել է կուսակցության գրասենյակում, հայտնում է news.am-ը։
HDP–ի գրասենյակում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը Ստամբուլի «Նոր Զարթոնք»–ի խոսնակ Նորայր Օլգարը նշել է, թե առանց առերեսվելու չի կարող խաղաղություն լինել։ Նա շեշտել է, թե ներկայում էլ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում է տեղի ունենում ցեղասպանություն։
Այսօր՝ ապրիլի 24–ին, Ստամբուլի մի շարք վայրերում նախատեսված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։
Ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:
Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: