25.11.2024
Վարչապետի այցը կարևոր է ՀՀ -Իրան -Թուրքմենստան ձևաչափի ձևավորման հեռանկարի առումով
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Լապշինի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները  ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ:  


Նշենք, որ նախօրեին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, տարակուսելով՝ Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի:


«Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք», - ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե ձերբակալության մասին տեղյակ է պահվել նաև Ինտերպոլը:


«Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որևէ մեկը չէր ուզում նրան վերցնել», - հավաստիացրել է Լուկաշենկոն՝ պնդելով, թե արտահանձման հարցը հետագայում է դարձել շահարկման թեմա․ - «Յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:


Մինչդեռ, ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Երևանը բազմիցս ու տարբեր մակարդակներում Մինսկի հետ բանակցություններում բարձրացրել է Լապշինի հարցը:  


Ուշագրավն այն է, որ մեկնաբանելով Լապշինի արտահանջնումը Ադրբեջանի Բելառուսում ՀՀ արդեն նախկին դեսպան Խաչատրյանը հայտարարել էր, թե եթե Ռուսաստանն ու Իսրայելը, որոնց քաղաքացի է հանդիսանում Լապշինը, չկարողացան խոչընդոտել այդ գործընթացին, ապա «անհասկանալի է, թե ինչ կարող էր անել Հայաստանը»:


Հիշեցնենք, երկու անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բելառուսը փետրվարի 7-ին բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին, ինչին Հայաստանում կոշտ արձագանքեցին: