25.11.2024
Մամուլ. Սարգսյանն ընտրություններում ոչ մեկին չի վստահում և ԵՄ-ից մեծ փողերի ակնկալիք ունի
prev Նախորդ նորություն

Վարչապետի այցը կարևոր է ՀՀ -Իրան -Թուրքմենստան ձևաչափի ձևավորման հեռանկարի առումով

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ավարտեց իր պաշտոնական այցը Թուրքմենստան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, ձեռք բերել առարկայական պայմանավորվածություններ:


Պաշտոնական հաղորդագրություններից, թերևս, դժվար է հասկանալ այցի կարևորությունը, սակայն արևելագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով` այցը ավելի կարևոր շեշտադրումներ է պարունակում իր մեջ, քան կարող է թված առաջին հայացքից:


«Այցը նախընտրական Հայաստանի թոհուբոհի մեջ այդքան էլ, կարծես, չնկատվեց, սակայն չափազանց կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, այլ նաև Հայաստան - Իրան - Թուրքմենստան եռակողմ գործակցության ձևավորման հեռանկարի առումով»,- VERELQ-ի հետ զրույցում նշեց նա:


Ոսկանյանը հիշեցրեց, որ նման ձևաչափի հնարավորությունների մասին առաջին անգամ 2016 թվականի դեկտեմբերի վերջին Երևանում բարձրաձայնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին, իսկ ամանորյա արձակուրդներից հետո հենց առաջին աշխատանքային օրը Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո, դատելով առկա պաշտոնական սուղ տեղեկատվությունից, եռակողմ նոր ձևաչափի խնդիրը քննարկվել է Աշխաբադում և առաջիկա ապրիլին արծարծվելու է նաև Թեհրանում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարելիք այցի ընթացքում:


Սակայն կարևոր քաղաքական շեշտադրում է նաև այն, որ բացի երկկողմ և եռակողմ համագործակցության հեռանկարներից, Հայաստանի վարչապետի թուրքմենական այցը խիստ կարևորվում է նաև քարոզչական բաղադրիչի առկայությամբ:


«Օղուզական ծագման թյուրքական բնակչությամբ երեք պետություններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հանդեպ որդեգրել են բացահայտ թշնամական գործելաոճ՝ հանդես գալով հայատյացության դիրքերից և փորձ կատարելով հայերիս և մեր պետությունը ներկայացնել իբր «հակաթյուրքականության պատվար», մինչդեռ վերը նշված պետություններից երրորդը՝ Թուրքմենստանը, ոչ միայն հիանալի հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, այլև վերջինիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը դրանք բառացիորեն բնորոշում է որպես եղբայրական»,- հավելեց Վարդան Ոսկանյանը:


Նշենք, որ վարչապետի այցի շրջանակներում երկուստեք բարձրաձայնվել է հայ-թուրքմենական հարաբերությունների առկա ներուժը զարգացնելու ներուժը: