Նախօրեին ավարտվել է վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպման ընթացքում նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ընդգծել է, որ Թուրքմենստանը շահագրգռված է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում:
«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», - ասել է Թուրքմենստանի նախագահը:
Իր հերթին Կարեն Կարապետյանը բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը` նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը: Նրա խոսքով, այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը:
Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով:
Այնուհետ ՀՀ վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը նոր թափ կհաղորդի հարաբերությունների հետագա խորացմանը:
ՀՀ վարչապետը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը՝ համապատասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ: Թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով:
ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: