VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի առաջին օրվանից «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ իր թիրախը միայն իշխանությունն է, սակայն առաջին օրվանից «Ելք»-ի անդամները քննադատում են գրեթե բոլոր մնացած ուժերին: ՀՅԴ-ն նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Վերջինս ասել էր, որ հանրությունը տանիքների վրա լավ ցատկոտողների չի ընտրում: Ի պատասխան՝ «Ելքը» հայտարարեց. «ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են ցատկոտում հայրենիքի «կրկեսում»: Հիմա էլ «Ելք»-ի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ ասել է, որ ՀՅԴ-ն չի անցնելու ԱԺ, հետեւաբար կոալիցիայի հույս չպետք է ունենա: «Իրավունքը» ՀՅԴ-ի պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է արձագանքում ընդդիմադիր դաշինքի քննադատությանը: «Սա նշանակում է, որ «Ելքը» ռեալ վտանգ է տեսնում, որ ՀՅԴ-ն շատ ձայներ է տանելու, դրա համար էլ նման ասեկոսեներ են տարածում, որ բոլոր ձայները դեպի իրենց գան»,-ասաց դաշնակցական գործիչը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել՝ մոտ 80 միլիոն պարտք վճարելուց հետո։ Հիմա Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի ներդրողների ակումբի» ռուսաստանաբնակ գործարարներն էլ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, հետաքրքրված են միայն Հայաստանի տնտեսության էներգետիկ հատվածով, որն ամենաեկամտաբերն է այսօր: Այդ ոլորտում եկամուտները ոչ թե տոկոսով են հաշվարկվում, այլ 10 անգամ ավելի: Սակայն այս ոլորտը ամբողջությամբ մենաշնորհի է վերածվել։ Օրերս էլ հայտնի է դարձել, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն (Հրազդան ՋԷԿ) մարտի 13-ին, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ, որի արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ընկերության (Հրազդան ՋԷԿ) 100 տոկոս բաժնեմասերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին»:
«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել եւս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի եւ Սփյուռքի վրա պետք է դնենք։ Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, եւ առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջեւ ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի եւ Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն եւ բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Մեր տեղեկություններով՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման եւ իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին: Այս հարցն անկասկած դարձել է առաջիկա ընտրության առանցքային հարցը: Հարցն առավել եւս սրվել է այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ իր գործընկերները կարող են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում եւ իրեն զանգահարել ու ասել են այդ պատրաստակամության մասին: Ծառուկյանի այս հայտարարությունը անկասկած պատասխանն է այն քայլի, որ կատարվեց մարտի 25-ին, երբ Հայաստանում ստեղծվեց կամ հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ ակումբը անկասկած նախընտրական աջակցությունն է Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին, թեեւ այստեղ, իհարկե, ՀՀԿ-ի հանգամանքը դառնում է փոքր-ինչ հարաբերական, քանի որ այդքան էլ նույնական չեն Կարեն Կարապետյան եւ ՀՀԿ ամբողջական հասկացությունները: Ներդրումային այդ ակումբի ստեղծման ընթացքում հայտարարված թիվ չկար, թեեւ մինչ այդ Կարեն Կարապետյանը խոսել է 3,2 միլիարդ ներդրումների հաստատված ծրագրերի եւ եւս 5 միլիարդի վերաբերյալ քննարկումների մասին: Փաստորեն, համախառն հայտարարվում է մոտ 9 միլիարդի մասին: Գագիկ Ծառուկյանը փաստորեն գերազանցում է այդ թիվը գրեթե կրկնակի՝ խոսելով 15 միլիարդ դոլարի մասին, որ իր ընկերները պատրաստ են ներդնել Հայաստանում, եթե ինքը հաղթի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները: «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում գրել էր, որ մարտի 19-ին Լոռու մարզում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրել էր ժամացույց նվիրել իրեն: Վարչապետն էլ խորհրդականին հանձնարարել էր վերցնել քաղաքացու տվյալները, որ փոխանցեն ժամացույցը: Սա ընտրական օրենսգրքի 19 հոդվածի խախտում է, «Նախընտրական քարոզչության ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր արձագանքել կատարվածին, սակայն մինչեւ հիմա որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Երեկ էլ Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարանում էր, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ուսումնասիրել տեղի ունեցածը: «Նյութը փորձեցի գտնել, չգտա, անկեղծ ասած»,- անկեղծացավ ԿԸՀ նախագահը: Հարցին, թե վարչապետի հանդեպ շատ զգուշավոր եք, Մուկուչյանը նշեց. «Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ մեկնարկել է գրազների «փուլը»՝ ապրիլի 2-ին ո՞վ որքան ձայն կստանա: ՀՀԿ-ում համոզված են, որ իրենք կստանան 41-46 տոկոս ձայն, ԲՀԿ-ն՝ 22-27 տոկոս, ՀՅԴ-ն` 8-11, «Ելքը»՝ 7, «Հայկական վերածնունդը»` 5: «Իշտահներին քացախ»,- արձագանքում են ԲՀԿ-ականները։ «Եթե իրենց թվում է, թե իրենք «լիմիտն» են մեզ ցուցանում, ապա թող գրեն-դնեն բարձերի տակ. ԲՀԿ-ն մինիմում 35-42 տոկոս ձայն է ունենալու, թող գնան մտածեն պլան «բ»-ի եւ «գ»-ի մասին` մեզ հետ հավասար ձայներ ստանալու կամ ԲՀԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում ՀՀԿ-ի անելիքների մասին»,- հակադարձում են ԲՀԿ-ականները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ Հրապարակ»-ի աղբյուրը: Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբեւէ, ցանկանում է լավ ընտրություններ»: Նաեւ՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարեւանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, եւ դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»: Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլեւ իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: Կալանավորված երրորդ անձին փաստաբանը չէր ճանաչում, ասել էր՝ անգամ փաստաբան չունի: ԱԱԾ-ի մեր աղբյուրը պատմեց այս գործի նախապատմությունը, անշուշտ, ըստ ԱԱԾ-ի․ երկար ժամանակ կասկածներ ունեին, սակայն կոնկրետ ապացույցներ չէին կարողանում ձեռք բերել: Քննության սկզբում բերման են ենթարկել մեկին, խուզարկել նրա տունը, սակայն ոչինչ չեն գտել: Ավելի ուշ վերջինս խոստովանել է եւ մատնացույց արել «ապացույցների» տեղը, նա կալանավորվածներից մեկն է: Ընդ որում՝ «Իգլան» հեշտ-հանգիստ հասել է Հայաստան, ԱԱԾ-ն այն սահմանին չի բռնել: ԱԱԾ-ականներն ասում են՝ Սամվել Բաբայանին կասկածել են, որ նա նախապատրաստում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը, ում հետ հին հաշիվներ ունի: Սակայն այս տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն ոչինչ չի պարզաբանում, ոչ մի տեղեկատվություն չի փոխանցում, իսկ փաստաբանն էլ կաշկանդված է նախաքննական գաղտնիքի նորմով»:
«Իրատես» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն: Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ: Մեր տեղեկություններով, թեկնածուի անունը չգաղտնազերծելը պատահական չէ, քանի որ այս դաշինքում չեն կարողանում կողմնորոշվել, թե երկու թեկնածուներից ում, ի վերջո, նախընտրություն տալ: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասին է: Երկուսն էլ հանրությանը քաջածանոթ դեմքեր են՝ իրենց գործելաոճով եւ քաղաքական «պաշարով», ովքեր ոչ մի կերպ չեն համադրվում դաշինքի շուրջ ձեւավորված «փրկչի» կերպարի հետ: Ավելին, չնայած ՀՀԿ-ի հանդեպ հանրային տրամադրություններին, այս երկու թեկնածուներն էլ Կարեն Կարապետյանի հետ մրցակցության չեն դիմանում: Հիշեցնենք, որ օրերս իրականացված սոցհարցումներով՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը 82 տոկոս վարկանիշ ունի»: