Հայ և բելառուս ժողովուրդները եղել և շարունակում են մնալ մտերիմ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն ընդգծել է, որ միանգամայն հասկանալի է Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը, և որ երկու պետությունները միջազգային հարցերում միանգամայն միանման դիրքորոշումներ ունեն:
Լուկաշենկոն նաև անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին:
«Ուղիղ կասեմ` դա մեր խնդիրը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այն», - նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ խնդրի կարգավորման համար իր կարծիքով միջնորդներ պետք չեն:
Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, տարակուսելով՝ Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի:
«Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք», - ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե ձերբակալության մասին տեղյակ է պահվել նաև Ինտերպոլը:
«Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որևէ մեկը չէր ուզում նրան վերցնել», - հավաստիացրել է Լուկաշենկոն՝ պնդելով, թե արտահանձման հարցը հետագայում է դարձել շահարկման թեմա․ - «Յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:
Երկու անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բելառուսը փետրվարի 7-ին բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին, ինչին Հայաստանում կոշտ արձագանքեցին: