Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից երկու առաջատար ուժեր կան՝ իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը։ Այս մասին մարտի 28-ին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը, ըստ Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կատարած սոցիոլոգիական հետազոտության, առաջադրված 9 կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքից ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև: Հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է. հարցման արդյունքներով` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս:
Արմեն Աշոտյանն ասուլիսին անդրադարձավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինք ի շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով նախընտրական հավականություններ ունեցող ՕՐՕ դաշինքը տապալել է իր A եւ B պլանները:
«Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»,- ասա նա՝ հավելելով, որ պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, բարձր վարկանիշը: «Տեսան, որ չկա, բարեհաջող տապալեցին նաև պլան B-ն։ Իսկ դա հալածյալի կերպար ստանալն էր տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով։ Տեսնում ենք, թե ինչպես են քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ ինքը ոչ մի կերպ կապ չունի իրենց հետ, հետո նույն Բաբայանի գործով փորձում էին հալածյալի կերպար ստանալ։ Հետո նաև հասկացան, որ Սամվել Բաբայանն իրեն գոնե այս պահին քաղբանտարկյալ չի համարում», - ասաց նա։
Աշոտյանն ասաց նաև, թե մարտի 28-ից ՕՐՕ դաշինքն անցել է պլան C-ի: «Եթե իրենց մոտ չի ստացվում, ապա պետք է անպայման ինչ-որ մեկին «կպնել»», - ասաց նա։ «Օսկանյանի երեկվա ասուլիսից հետո ակնհայտ է, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն է, որը նույնպես տապալվելու է», - հայտարարեց նա:
Խոսելով ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի մասին 2018 թ-ից հետո, երբ կավարտռվեն վերջինիս նախագահական լիազորությունների ժամկետը, Աշոտյանը խուսափողական պատասխան տվեց հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանը իրական իշխանություն չունենա: «Եկեք պայմանավորվենք, որ մենք անպայման ընտրություններից հետո դեռ մի քանի անգամ կհանդիպենք: Ե՛վ ընտրություններից անմիջապես հետո, և՛ մինչև 2018 թվականը, և՛ 2018 թվականից հետո: Ո՚չ ես, ո՚չ էլ Հանրապետական կուսակցությունը չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը, հետևաբար ինձ հետ երկարաժամկետ քննարկումների առիթներ «եթե՝ապա» ձևաչափում մենք դեռ կունանենք»:
Հիշեցնենք, մարտի 25-ին Արցախում ելույթ ունենալով զինծառայողների առջև՝ ընտրություններին ընդառաջ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն ընտրած Հանրապետականի առաջնորդը հայտարարեց․ - «Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք․․․ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»: