Արցախում Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ինչ է անելու 2018 թ-ից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի ՊԲ զորամասերից մեկում ունեցած իր ելույթում մարտի 25-ին ակնարկել է, թե ինչ է անելու 2018 թ-ից հետո, երբ ավարտվի նախագահության ժամկետը։
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ», - ասել է նա։
Այսօր, նշել է նախագահը, ավելի կարևոր «հարց ունենք»։ «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում», - ասել է նա։
Նրա խոսքով այս ընտրություններին «ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը»։ «Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ», - ասել է նա։