Նախօրեին Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրեց վերջին հարցման արդյունքները, համաձայն որի` Հանրապետական կուսակցությունը նախընտրական այս փուլում ճանաչվել է առաջատար և մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Տաս օր առաջ ներկայացված տվյալների համաձայն առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր` հարցվածների 26,4 տոկոսը ձայնը կտար դաշինքին, իսկ ՀՀԿ-ին` 22,8 տոկոսը:
VERELQ-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի համար այս պատկերը ոչ միայն զարմանալի չէ, այլև կանխատեսելի էր:
-Տիկին Զոհրաբյան, երեկ հրապարակված հարցման արդյունքներով` Ձեր թիմը զիջել է դիրքերը Հանրապետականին: Որքանո՞վ արժանահավատ եք համարում այդ հարցումները:
-Եթե հիշում եք, երբ այս չինական կոոպերատիվ Gallup-ը հրապարակեց իր առաջին հարցումը, որոնց համաձայն «Ծառուկյան» դաշինքը առաջին տեղում էր, նույն օրը ես հայտարարեցի, որ այսպես կոչված գեբելսյան քարոզչության մեխանիկան գործում է հետևյալ կերպ` սկզբից քեզ գրում են առաջին տեղ, աշխատացնում մեխանիզմը, իսկ ընտրություններից տաս օր առաջ նույն կազմակերպությունը ՀՀԿ-ին կտա առաջին տեղը: Իհարկե, այս տվյալները հավատ չեն ներշնչում և կարծում եմ ՀՀ որևէ քաղաքացու և որևէ քաղաքական ուժի մոտ սա չի կարող հավատ ներշնչել, որովհետև Հանրապետականի գրասենյակում է գրվել այս սոցհարցումը և տրամադրվել Gallup-ին: Սա միանշանակ է:
Բայց ես կուզենայի առանձնացնել հետևյալը. երբ դու ընտրությունից ընտրություն կրկնում ես նույն հնարքը, նույն ձեռագիրը, ապա դա դառնում է ոչ միայն տաղտկալի ու ձանձրալի, այլև աշխատում է ուղիղ որպես հակաքարոզչություն ընդդեմ այն քաղաքական ուժի, որն այդ անհեթեթությունը կազմակերպում է: Ես հարգում եմ սոցիոլոգիան որպես լուրջ գիտություն, սակայն այս կազմակերպության թվերին լուրջ չեմ վերաբերում, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումները Հայաստանում գտնվում են մեկ կենտրոնի ազդեցության տակ, իսկ մեզ համար կա մեկ սոցիոլոգիական հարցում, որին մենք անվերապահորեն վստահում և հավատում ենք` մարդկանց այն հսկայական, հոծ ներկայությունն է Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներին և հանրային այն անվերապահ մեծ աջակցությունը, որ կա Ծառուկյանի և դաշինքի հանդեպ:
-Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ եթե ընտրություններում դարձյալ հաղթի Հանրապետականը, ապա ընդվզումն անխուսափելի է` մարդիկ դուրս կգան փողոց: «Ծառուկյան» դաշինքին տեսնո՞ւմ եք որպես այդ բողոքի ալիքի առաջնորդ:
-Դա շատ վատ մեսիջ է, որ փորձում են որոշ քաղաքական ուժեր և շարժումներ հանրությանը ներշնչել, թե իրենց քվեով ոչինչ փոխել հնարավոր չէ: Գիտեք, որ մոտ 3 հազար դիտորդներ են մասնակցելու ընտրություններին, նրանցից 650-ը` միջազգային: Ընտրական օրենսգրքով սահմանված են լրջագույն մեխանիզմներ, իսկ երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մի շատ կարևոր հայտարարություն արեց մի ընտրակեղծարարության վերաբերյալ, որը լինելու է հիմնական ընտրակեղծարարությունը այս ընտրություններում: Համատարած բոլոր տեղերում մարդկանց ասում են` գումարի մի մասը տալիս ենք հիմա, իսկ մյուս մասը կստանաք հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը կհանեք դուրս, որովհետև իրենց մրցակիցը միայն «Ծառուկյան» դաշինքն է: Երեկ ԵՄ դեսպանը շատ կոշտ հայտարարություն արեց, ասելով, որ քվեախցիկից քվեաթերթիկ դուրս բերելը օրենքի խախտում է և եթե արդյունքում պարզվի, որ լուրջ անհամապատասխանություն կա քվեատուփում առկա և քվեախցիկում մնացած քվեաթերթիկների միջև, դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Ես ասում եմ` լուրջ խնդիրներ առաջացնելու է, որովհետև բոլոր դիտորդներին մենք բացատրել և ներկայացրել ենք, որ հատկապես ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները Գյումրիում, Շիրակի և Կոտայքի մարզում, Սյունիքում և ամենուր աշխատում են այդ մեթոդոլոգիայով: Եվ մենք հորդորելու ենք դիտորդներին հաշվարկել ընտրությանը մասնակիցների և քվեատուփում առկա քվեաթերթիկները և եթե լինեն լուրջ անհամապատասխանություններ, սա ընդհուպ դառնալու է հիմք տվյալ տեղամասում ընտրությունն անվավեր հայտարարելու: Որովհետև օրենքով սահմանված է, որ քվեաթերթիկ դուրս հանել չի կարելի և ուզում եմ, որ նրանք, ովքեր նման հանձնարարական են տվել իրենց շտաբներին, որ այդ մեթոդով աշխատեն, ականջներին օղ անեն ու հասկանան, որ բոլոր միջազգային դիտորդները հատուկ արդեն տեղեկացված են այս մասին հենց այն մարդկանցից, ում հանձնարարված է «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը հանել դուրս: Այնպես որ իրենց ուշադրության կենտրոնում, ի թիվս այլ հայտնի ընտրակեղծիքների, լինելու է հենց այս, ամենակարևոր ընտրակեղծիքը:
Զրուցեց Լիա Խոջոյանը