24.11.2024
Օհանյան. Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
prev Նախորդ նորություն

Օսկանյան. Բացահայտ առավելություն ունի «Ծառուկյան» դաշինքը

«Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այն աստիճան չի հավատում Gallup International Association կազմակերպությանը, որ անգամ չի ցանկանում մեկնաբանել իրենց կողմից հրապարակած վերջին սոցհարցումների տվյալները: Փոխարենը ՕՐՕ դաշինքը դիմել է այլ կազմակերպության, որը սոցհարցումներ է անցկացրել և լրվ այլ պատկեր արձանագրել:


Ըստ այդ տվյալների, բացահայտ առաջատարը նախընտրական այս շրջանում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքն է, իսկ Հանրապետական կուսակցությունը չափազանց ցածր վարկանիշ ունի:
«Բացահայտ առավելություն ունի «Ծառուկյան» դաշինքը, մենք այս բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ տեղ, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ից հետո ռեալ հնարավորություն կա լրջագույն, խորքային համագործակցության մեր դաշինքի և ընտրությունների արդյունքում առաջին տեղում հայտնված դաշինքի միջև»,- ասաց նա:


Թե ինչ ձևաչափով է պատկերացնում հետընտրական համագործակցությունը Վարդան Օսկանյանը չնշեց, ասաց, որ այսօր կենտրանացած են միայն ընտրությունների վրա: Բայց վստահ են, որ իշխանափոխություն ընտրություններով հնարավոր է և այն լինելու է, իսկ եթե չեղավ՝ ժողովուրդը իրենց կթելադրի ինչ անել.


«Եթե ժողովուրդը որոշեց դուրս գալ փողոց ու բողոքարկել, հավատացեք, որ մենք կլինենք ժողովրդի կողքին»,- հավելեց նա:


«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ վերջին օրերին աղմկահարույց բացահայտումները, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն գործի է դրել իր ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ի դեմս դպրոցների և մանկապարտեզների տնօրենների, ի դեմս գումար բաժանելու և ահաբեկելու, բերում են նրան, որ ՀՀԿ-ի մասնակցությունը ԱԺ ընտրություններին պետք է չեղարկվի, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական տա:


Նշենք, որ օրերս Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով վերջին հարցման արդյունքները նշեց, որ Հանրապետական կուսակցության ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի մասնակցությունն է դրան նպաստել: