23.11.2024
Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն անհրաժեշտություն են
prev Նախորդ նորություն

Օհանյան. Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Փաստաբանի կողմից մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ որևէ փաստ գոյություն չունի և Սամվել Բաբայանն էլ իրեն առաջադրվածը չի վերցրել իր վրա: Նա որևէ առնչություն չունի և չեմ կարծում, որ նա , մանավանդ այս ժամանակահատվածում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան – Րաֆֆի -Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:


«Եթե կան տեղեկություններ, ապա թող դրանք ներկայացնեն, որպեսզի մենք էլ իմանանք, իսկ եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդումներ են և՛ Սամվելի նկատմամբ, և՛ նաև մեր դաշինքի նկատմամբ, ինչն անընդունելի է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Սա ևս մեկ անգամ միանշանակ ապացուցում է, որ մեր դաշինքը ունի ուժ, վերահսկողությունից դուրս է և անկասկած այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք փոխենք իշխանությունը՝ անկախ անձանցից»,- հայտարարեց Օհանյանը:


Նախկին նախարարը նշեց, որ Սամվել Բաբայանը իրենց մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը և տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է իրենց, այնպես որ նրա իրավունքների պաշտպանության գործում պետք է հաստատակամ լինեն գնալու մինչև վերջ: Օհանյանի խոսքով, այս ամենում իրենց համար մի քանի բան անհասկանալի է. առաջինը՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերն ու փաստերը առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ և նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն այսպես ձերբակալություններ և հետապնդումներ: Երկրորդը, անհասկանալի է նաև, որ կեղծ տեղեկություններ են տարածվում, չիմանալով ինչպիսի գործընթացներ այսօր կան, ինչպիսի փաստեր կան լրատվական դաշտում արդեն իսկ ձերբակալումից հետո.


«Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություններ ներկայացնելուց, որովհետև մենք գտնում ենք, որ գործընթացը ապրիլի 2-ով չի ավարտվելու, կյանքը շարունակվելու է և մենք գտնվելու ենք փոխադարձ հարգանքի մեջ բոլոր ուժերի հետ և դեռ միասին պետք է կարողանանք մեր երկիրը շենացնենք»,- նշեց նա:


Անդրադառնալով նախօրեին դատախազության հաղորդագրությանը, թե Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը «Իգլա»-ի գործին, թեև նրա փաստաբանը նշեց, որ այլ կերպ են հասկացել Բաբայանին, Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենց համար հիմք է փաստաբանի ասածը.


«Հաշվի առնելով Հայաստանի դատաիրավական համակարգը մենք հավատում ենք փաստաբանին»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե իրեն ևս առաջիկայում կձերբակալեն, Սեյրան Օհանյանը նշեց, որ դա ապատեղեկատվություն է, ինքը ակտիվ քարոզչությամբ է զբաղված: Բայց և ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում ենք, որտեղ ոչինչ բացառված չէ:


ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը նշեց, որ Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառվել է քաղաքական հետապնդում և այնքան ժամանակ, որքան թափանցիկ ու համոզիչ փաստեր չեն ներկայացվում, ինքն անձամբ համարում է, որ Բաբայանը քաղաքական բանտարկյալ է ինչպես և Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները և մյուսները: Օսկանյանը այս շարքում մեկ վերապահում ուներ՝ ընդունում է, որ «Սասնա ծռերի» դեպքում ոստիկանների մահվան խնդիրը կա և պետք է արդար դատավարություն լինի, բայց մնացածի մասով միանշանակ կարող է ասել, որ նրանք քաղբանտարկյալներ են: Վարդան Օսկանյանը վստահություն հայտնեց, որ երբ կլինի իշխանափոխություն, ցանկացած այլ քաղաքական ուժ շատ արագ այդ տղաներին բանտի խցերից ազատ կարձակեն:


Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք այսքան շուտ, ընտրատեղամասերից դուրս այսքան մասայական ու այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: ՕՐՕ դաշինքը, տեղեկացրեց նա, ընտրակեղծիքների մասին ահազանգերի հիման վրա դիմել է ԿԸՀ, որպեսզի չեղյալ հայտարարվի Հանրապետականի մասնակցությունը ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:


Հիշեցնենք, մարտի 22-ին ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշված էր, որ Սամվել Բաբայանը, ինչպես նաև երկու այլ քաղաքացիներ ձերբակալվել են նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար: Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իսկ նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝  հարցաքննության ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ մյուս կալանավորվածները ընդունել են իրենց առնչությունը «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը եւ տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: