Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն անհրաժեշտություն են
Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների դիմակայումը պահանջում է օպերատիվ, ճկուն և ճշգրիտ որոշումների կայացում: Այսօր ՀԱՊԿ ԽՎ-ի առջև ծառացած են նոր խնդիրներ: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և լարվածության աճը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում Հարավային Կովկասում, ակնհայտ է: Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում ՀՀ պետական սահմանին Ադրբեջանը դիմեց զինված արկածախնդրության` խախտելով 1994 թ. հրադադարը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նման վարքագիծն անթույլատրելի և դատապարտելի է:
«ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է դեկտեմբերյան այդ դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են»,- հայտարարել է նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
«Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու և միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման և ամրապնդման գործում»,- հավելել է նա: