"Հիմք չունեմ ենթադրելու քաղաքական հետապնդման մասին", - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը` նշելով, որ Բաբայանին առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, արարքներ, որոնք իբրև կատարել է ինքը, սակայն բավարար հիմքեր չկան նման մեղադրանք առաջադրելու համար:
Պաշտպանի խոսքով, Բաբայանը այնպիսի գործողություններ չի կատարել, որոնք իրեն վերագրվում են` չի պատվիրվել, որ զենքը բերվի Հայաստան, չի խոստացել, որ պետք է վճարում կատարվի զենքի համար, այդ կապակցությամբ ինչ-որ հանձնարարություններ չի տվել որոշ մարդկանց.
«Եթե անձին առաջադրում են որևէ մեղադրանք, ապա դա պետք է հիմնավորված լինի գործով ձեռք բերված ապացույցներով: Դատախազության այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը կատարված հանցագործությանը միանշանակ իրականությանը չի համապատասխանում: Չէի ասի, որ այն կեղծ հայտարարություն է, միգուցե այդ առնչությունը մեկնաբանվել է յուրովի»,– ասել է Քալաշյանը:
Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքից զատ որոշակի առնչություն ունի, բայց առայժմ նա զերծ մնաց այդ առնչությունը բացահայտելուց` նշելով, որ ժամանակը կգա և հանրությունն ամենայն մանրամասնությամբ այդ ամենին կտեղեկացվի:
«Միանշանակ կարող եմ ասել միայն, որ այդ առնչությունն այն առնչությունը չէ, որ անձին կարող են կալանավորել»,- շեշտել է նա:
Ինչ վերաբերում է գործով կալանավորված մյուս երկու անձանց, ապա Քալաշյանի խոսքով` Բաբայանը նրանցից մեկին ճանաչում է, նա իր մարտական ընկերն է, մյուսներին չի ճանաչում: Պաշտպանը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել առաջին ատյանի որոշման դեմ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Իսկ ահա հարցին, թե կիսում է այն գնահատականը, որ Սամվել Բաբայանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, Քալաշյանը նշել է, որ առայժմ որևէ հիմք չունի ենթադրելու, որ դա այդպես է` հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նա նաև նշել է, թե Բաբայանը իրեն քաղբանտարկյալ չի համարում.
«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Սույն գործով թե հետագայում ինչ կլինի ես գուշակությամբ չեմ զբաղվում: Մենք գործ ունենք միայն փաստերի հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Քալաշյանը:
Նշենք, որ այսօր ասուլիսում ՕՐՕ դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հայտարարեցին, որ Բաբայանի նկատմամբ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և նա քաղաքական բանտարկյալ է: