25.11.2024
Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը
prev Նախորդ նորություն

Արամ Մանուկյան. Սա ընտրություն է խաղաղության ու պատերազմի միջև

Սա ոչ թե պատգամավորական ընտրություններ են լինելու, այլ ընտրություն՝ խաղաղության ու պատերազմի միջև: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


«Մեր թիմի նպատակն է ձայն հավաքել խաղաղության համար, որովհետև այս ընտրությունները ոչ թե պատգամավորական ընտրություններ են լինելու, այլ ընտրություն խաղաղության և պատերազմի, արկածախնդրության ու կանխատեսելիության: Ժողովուրդը պետք է կարողանա այս իշխանություններին խելքի բերի, որ պետք է գնալ փոխզիջումների և խաղաղություն հաստատել 24 տարի ընդմիջումից հետո, քանի որ 1994 թվականից հետո կիսապատերազմ-կիսախաղաղություն է: Եթե այդ խնդիրը լուծեցինք՝ երկիրը և՛ արագ կզարգանա, և՛ ներգաղթ կլինի, և՛ տնտեսական հաջողություններ կլինեն: Իսկ եթե այդ խնդիրը չլուծեցինք՝ ոչ մեկը մեզ լավ հեռանկար չի երաշխավորելու»,- հայտարարել է Մանուկյանը:


ՀԱԿ անդամի խոսքով՝ Հայաստանը չի կարող հակառակ գնալ գերտերություններին, միջազգային կառույցներին, ինչը կնպաստի երկրի քայքայմանը: Սակայն նման հայտարարությունները հավաքվածների մոտ միշտ չէ, որ դրական արձագանքի են արժանանում: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը դժգոհեց, թե պետք չէ զիջումների մասին խոսել, այլ պետք է «ատամին ատամ խբել», Արամ Մանուկյանն էլ բացատրեց.


«Մենք իսկապես ատամին ատամ խբում ենք և պետք է ուժեղանանք ինչքան հնարավոր է՝ զենք, զրահ, փող, բանակ, որովհետև պատերազմը մի անգամ հաղթել ենք ու ինչքան էլ լինի՝ պիտի հաղթենք: Բայց գալիս է մի պահ, որ եղածն ու վաստակածը պիտի պահես-ամրացնես: Այս պահին մենք ասում ենք, որ քանի որ վիճակն այնպիսին է, որ մեր զինվորները, մեր քաղաքացիները արագացված տեմպերով գնում են Ռուսաստան ու արտերկիր՝ տարին 100 հազար մարդ, ասում ենք եկեք եղածը ֆիքսենք, այն, ինչ ազատագրվել է ու պահպանվում է դա զորքերով առանձնացնենք Ադրբեջանից, որից հետո տեսնենք ինչ է լինում: Ամբողջ աշխարհն է առաջարկում այդ ծրագիրը և այն մեզ ձեռք է տալիս, իսկ եթե ոչ, ապա դաժան իրականությունը հետևյալն է՝ ամեն տարի Հայաստանի բնակչության 100 հազարը գնալու է: Եվ եթե այս ամենը չկանգնացնենք, ապա առնվազն 10 տարի հետո Հայաստանը չի ունենա ապագա»,- շեշտել է նա:


Այս պահին, հավելել է նա, պետք է ֆիքսենք այն հաջողությունը, որ ունեցել ենք 6 հազար զոհով, Արցախին միջազգային կարգավիճակ տանք, հետո տեսնենք, թե ինչ է լինելու:


Նշենք, որ դաշինքի Ընտրական ծրագրում խաղաղության դրույքում ասված է.


«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:


Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:


Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար»: