19.02.2025
ՀՀ արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ամրապնդմանը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խորտակել նաև Հայաստանը. Երևանը շարունակում է հակառուսական քայլերը

Մինչ աշխարհը՝ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, որոշակի զգուշավորություն է ցուցաբերում Ուկրաինայի հետ հարաբերություններում, քաջ գիտակցելով, որ իրավիճակ է փոխվելու ու մինչ աշխարհը քննարկում է, թե ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Պուտինը կամ արդյո՞ք նրանց հանդիպումը առաջիկայում կարող է ճակատագրական լինել, Հայաստանը շարունակում է հակառուսական քաղաքականությունն ու մերձեցումը Կիևի հետ:


Հերթական հակառուսական քայլը ՔՊ-ական պատգամավորի կատարմամբ է. ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:


ԱԺ-ից տեղեկանում ենք, որ առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարեւորել է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը:


"Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը: Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները",- ասվում է հաղորդագրության մեջ:


Ուշագրավն այն է, որ Սարգիս Խանդանյանը մեկ բառ անգամ չի ասել այն մասին, որ "Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերների" հեղինակը Բաքուն է, Ուկրաինայի գրեթե ամենագլխավոր ռազմական, էներգետիկ ռազմավարական գործընկերն է: Հակառակ կողմն էլ, բնականաբար, մարտահրավերները գեներացնողի անունը չի հնչեցրել, քանզի բոլորովին օրերս Կիևը հերթական մի քանի միլիոն դոլարի հումանիտար օգնությունը ստացավ Բաքվից:


Նաև կարդում ենք. "Ռուսլան Ստեֆանչուկը, կարեւորելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ժողովրդավարական զարգացման ուղուն":


ՔՊ-ական պատգամավորը, բնականաբար, այստեղ էլ չհիշեցրեց, որ Կիևի ռազմավարական գործընկեր հանդիսացող Ադրբեջանը ոտնահարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որին "անվերապահ աջակցություն է հայտնում" ընդունող կողմը՝ ի դեմս Ստեֆանչուկի և 2020 թվականից հետո նույն այդ ՀՀ շուրջ 200 քկմ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից: Եվ որքան հասկանալի է՝ ՔՊ-ական իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի իրավիճակը փոխելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ոչ միայն ոչինչ չի անում, բացի մերկապարանոց ու ոչինչ չասող հայտարարություններ հնչեցնել,ը, այլև դեմ էլ չի, որ Հայաստանի օկուպացիան շարունակվի:


Մեզ մնում է միայն արձանագրել, որ Կիևի ու Երևանի իշխանությունները կառավարվում են կոնկրետ մի կենտրոնից, որի նպատակը մեկն է՝ վերջնական խորտակել ոչ միայն Ուկրաինան, այլև Հայաստանը:


Լիա Խոջոյան