Համընդհանուր հայտարարագրի համակարգը չի կանխարգելում կոռուպցիա, եւ դրա պարզ վկայությունն այն է, որ կոռուպցիա գոյություն ունի նաեւ այն երկրներում, որտեղ տասնամյակներով գործում է համընդհանուր հայտարարագրի համակարգը:
Ըստ այդմ, այդ փաստարկը կարող է «մարսել» միայն հանրության այն հատվածը, որն ունի իմացության, խոշոր հաշվով՝ կրթվածության խնդիր:
Նաեւ դրա համար է, որ մի քանի անգամ ասել եմ՝ չնայած կրթվածության «հանրահռչակման» տեղեկատվա-քարոզչական արշավին, կառավարող ուժի առաջնորդի խոսույթն ու հանրությանը մատուցող բովանդակությունը սպառման ենթակա է առավելապես հանրային այն շերտում, որը չունի կրթական բարձր ցենզ եւ ինչպես ասում են՝ քննական մտածողություն, կամ, այդ ամենն ունենալով, այդուհանդերձ ունի հարմարվողականության բարձր ցենզ:
Վերադառնալով հայտարարագիր-կոռուպցիա «սխեմային»: Համընդհանուր հայտարարագրման համակարգ ունեցող երկրներից շատերում կոռուպցիոն ծավալները ոչ միայն նվազ չեն, ի տարբերություն «չունեցող» երկրներից շատերի, այլ գուցե նույնիսկ ավելին:
Այլ հարց է, որ դրանք պարզապես «աշխատում» են այսպես ասած՝ բյուջեով, այլ կերպ ասած՝ «թղթերով» ամեն ինչ լինում է կարգին:
Ամբողջ հարցը թերեւս այն է, որ մեր հանրության մի մասի պատկերացմամբ, եւ՝ վերը նշախս մասի պատկերացմամբ, կոռուպցիան դա «սեւ փողն» է, հետեւաբար բավարար է, որ չլինի չհայտարարագրված փող, եւ չի լինի կոռուպցիա:
Իսկ գործնականում, կոռուպցիան իշխանության լծակի չարաշահումն է, հովանավորչությունը: Երբ, օրինակ, կարող են իրականացվել պետական գնումներ մեկ անձից՝ զանազան պատճառաբանություններով: Կամ՝ պետական գնումների համակարգում կարող են հայտնվել միջնորդ կառույցներ, որոնք պատկանում են ինչ որ մեկի քեռուն, եղբորը, ընկերոջը, քրոջը, մորաքրոջը, եւ այլն: Կամ, պետական լծակները գործադրվում են անցանկալի անձանց դեմ, իսկ ցանկալիների համար ապահովում «ազատ մրցակցային» դաշտ: Ավելին, պետական իշխանության լծակները թույլ են տալիս կամ աչք փակել, կամ նույնիսկ ապահովել՝ «սեւ փողի» օրինական, «հայտարարագրվող» այնպիսի պտույտներ, որ կարող են լինել երեւակայությունից դուրս:
Հայտարարագրման համընդհանուր համակարգն իհարկե պետական իշխանությանը թույլ է տալիս բարձրացնել հանրության հանդեպ վերահսկողությունը, «մրցակիցների» հանդեպ վերահսկողությունը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան