23.11.2024
Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում
prev Նախորդ նորություն

Ռաիսիի մահը չի խաթարի Իրանի գեոպոլիտիկ դիրքերն Անդրկովկասում. Փույա Հոսեյնի

Մերձավոր Արևելքից մինչև Անդրկովկաս, Միջին Ասիայից մինչև օվկիանոսի մյուս կողմը ու աշխարհի ցանկացած կետը` Իրանն ունի գլոբալ ու երկարաժամկետ ծրագրեր` իր ազդեցությունը մեծացնելու համար։ Եվ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախահար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահը չի կարող խաթարել Թեհրանի արտաքին քաղաքական ձգտումներն ու նպատակները, VERELQ-ի հետ զրույցում նշում է իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան – Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին:


–Պարոն Հոսեյնի, ի՞նչ հավանական վարկածներ են քննարկվում Իրանում՝ նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի վերաբերյալ: Ո՞ր վարկածն է առավել հավանական:


–Դեռ վաղ է խոսել պատճառների մասին. պետք է հետաքննություն կատարվի և հետաքննության արդյունքում պարզ դառնա, թե որն է այս ողբերգական դեպքի իրական պատճառը: Աշխարհի պրակտիկայում էլ նմանատիպ դեպքերի պարագայում բավարար ժամանակ է պետք լինում՝ հետաքննության փաստերի ուսումնասիրության համար: Իրանում էս պահին միակ վարկածը, որ շրջանառվում է՝ տեխնիկական պատճառներն են կամ վատ եղանակն ու մառախուղը: Այլ վարկածների համար մինչև էս պահը փաստեր չեն հայտնաբերվել:


–Ի՞նչ ազդեցություն կունենա նախագահի ու արտգործնախարարի մահը երկրի ներքին դրության վրա, ի՞նչ փոփոխություններ կլինեն ներքին քաղաքականությունում:


–Մեծ հաշվով Իրանի ներքին իրավիճակում մեծ փոփոխություններ չեն սպասվում: Իհարկե՝ Իրանում ազդեցիկ մարդիկ մեծ դեր ունեն Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Բայց Իրանի քաղաքական և պետական համակարգի կառուցվածքը այնպիսին է, որ մեկ կամ մի քանի անձի կորստի դեպքում պետական համակարգը մեծ ցնցման չի ենթարկվում: Բայց նոր ձևավորվելիք կառավարությունը մեծ մարտահրավերների պիտի դիմակայի՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու համար:


–Ե՞րբ են անցկացվելու նախագահի նոր ընտրությունները և ո՞վ է նոր նախագահի ամենահավանական թեկնածուն: Ի՞նչ քաղաքական խմբեր են պայքարելու նախագահի աթոռի համար:


–Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահի մահվան, պաշտոնազրկման, հրաժարականի, երկու ամսից ավելի տևող հիվանդության դեպքում՝ Իրանի հոգևոր առաջնորդի հաստատումից հետո, երկրի Նախագահի լիազորություններն ու պարտավորությունները փոխանցվում են առաջին փոխնախագահին: Դրանից հետո Իրանի Խորհրդարանի Նախագահի, Դատական Իշխանության Նախագահի և Իրանի առաջին փոխնախագահի մասնակցությամբ ստեղծվում է համատեղ խորհուրդ, որը պարտավորված է առավելագույնը հիսուն օրվա ընթացքում երկրում կազմակերպել նոր նախագահի ընտրություններ:


Իրանի առաջին փոխնախագահ պարոն Մոհամմադ Մոհբերն այս պահին ստանձնել է Իրանի Նախագահի լիազորություններն ու պարտավորությունները՝ մինչև նոր ընտրություններ: 2024թ. հունիս 28-ին սահմանված են Իրանի Նախագահի ընտրություններ, և այս ամսաթիվը որոշվել է Իրանի Սահմանադրության Պահապանների Խորհրդի կողմից: Հավանականությունը մեծ է, որ Իրանի Նախագահի նոր ընտրապայքարի համար կմասնակցեն Իրանի Խորհրդարանի Նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը, Իրանի Խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Իրանի Արտաքին Գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի գեներալ Սաիդ Մոհհամմադը։


–Ի՞նչ ազդեցություն կունենա նախագահի մահը երկրի արտաքին քաղաքականության վրա, օրինակ` Հարավային Կովկասում: Իրանը կշարունակի՞ պաշտպանել նախորդ նախագահի և իր վարչակազմի` տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության թեզը կամ սկզբունքը:


–Ընդհանուր առմամբ, Իրանի` տարածաշրջանում և աշխարհում վարած քաղաքականությունը, գլոբալ առումով, պայմանավորված չէ ղեկավար անձերի փոփոխությունից։ Հատկապես, այն արտաքին քաղաքականությունը, որը Իրանի համար ռազմավարական է, և ուղիղ կախվածություն ունի Իրանի անվտանգությունից։


Անդրկովկասի տարածաշրջանը Իրանի համար գեոպոլիտիկ նշանակություն ունի։ Տարածաշրջանի սահմանների անխախտելիությունը Իրանի համար կարմիր գիծ է և կմնա որպես այդպիսին։ Այս փաստը կարևորել է նաև Իրանի հոգևոր առաջնորդը` Այաթոլլահ Ալի Խամենեին։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր ռազմավարությունն է, որը ուղիղ կապ ունի Իրանի անվտանգության ու գեոպոլիտիկ դերի հետ։


Մերձավոր Արևելքից մինչև Անդրկովկաս, Միջին Ասիայից մինչև օվկիանոսի մյուս կողմը ու աշխարհի ցանկացած կետը` Իրանը ունի գլոբալ ու երկարաժամկետ ծրագրեր` իր ազդեցությունը մեծացնելու համար։ Այդ ծրագրերը քաղաքական, տնտեսական, ռազմական, պաշտպանական, մշակութային և սոցիալական ծրագրեր են, որը նախագահների և կառավարությունների փոփոխության դեպքում էլ, մեծ առումով, պահպանվում են։ Եվ կառավարությունները պարտավոր են հետևելու պետության ռազմավարական ուղեգծին, որպեսզի Իրանի ազդեցությունը աշխարհում պահպանվի և ընդլայնվի։