VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում: Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը եւ հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական եւ ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս անցած տարեվերջին Արցախի ԱԺ-ն գաղտնիության ռեժիմում հրավիրված նիստում Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորելու որոշում էր ընդունել, սակայն այդ մասին պաշտոնապես չէին հայտարարել, քանի որ որոշակի հարցեր պետք է ճշգրտեին, մասնավորապես, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հանձնախումբը, ովքեր պետք է ընդգրկվեն հանձնախմբում, ում պետք է հաշվետվություն ներկայացնեն եւ այլն։ Մեր տեղեկություններով՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որը մեծամասնություն է կազմում Արցախի խորհրդարանում, փորձում է տորպեդահարել գործընթացը եւ առարկություններ ներկայացնել որոշ հարցերում՝ խոչընդոտելով հանձնախմբի կազմավորման գործընթացը: Ասենք` դեմ են, որ հանձնախումբն ԱԺ-ի լիազորությունն ունենա, ոմանք էլ առարկություններ են հայտնել որոշ փորձագետների անձի հետ կապված։ Խորհրդարանում կասկածներ ունեն, որ մեծամասնության պատգամավորները ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են խոչընդոտում հանձնախմբի ձեւավորմանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ով չի ցանկանում Արցախի հետ կապված որեւէ բանի մասին լսել, անգամ չի ցանկանում, որ «Արցախ» բառն արտաբերվի։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում: Խոսքը ժողովրդական երկրներին բնորոշ բանավեճերի կամ կարծիքների բախման մասին չէ, այլ սուր հակասությունների, որոնք հաճախ անձնային բնույթ են կրում՝ վերածվելով շահերի լուրջ բախման: Իսկ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում «արշալույսները» բացարձակ խաղաղ չեն նաև կառավարության գլխավոր մասնաշենքում: Թե՛ որոշ այլ գերատեսչություններ, թե՛ նաև վարչապետի աշխատակազմն ամեն ինչ անում են, որ «բլոկեն» ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործողությունները։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Հովհաննիսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, և չի բացառվում, որ գործը հասնի նրան զբաղեցրած պաշտոնից ազատելուն։ Թերթի տեղեկություններով, այս գործում առանցքային դերակատարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, որն այդ պաշտոնի համար արդեն «հարմար» թեկնածու ունի։ Կառավարությունում խոսում են, որ Փաշինյանի հրամանները հլու հնազանդ կատարող «սաստավին» դուր չի գալիս այն հանգամանքը, որ Հովհաննիսյանն այս կառավարության քիչ թե շատ ադեկվատ հազվագյուտ ներկայացուցիչներից է, որքան էլ գործող իշխանության դեպքում դա տարօրինակ չհնչի, և ոլորտում բավական փորձ ունի: Մեր աղբյուրը փոխանցում է, որ ընդդեմ Հովհաննիսյանի «լոբբինգ» անողներին, կարծես, հաջողվել է հասնել նպատակին, և առաջիկայում նա, ամենայն, հավանականությամբ, հրաժեշտ կտա ֆինանսների նախարարի պաշտոնին։ Ասում են՝ այս հարցում «ստուգողական կրակոցի» նշանակություն է ունեցել տարեվերջին Հովհաննիսյանի կողմից նախաձեռնված մի միջոցառում, որտեղ նա հանդիպել էր նախկին ֆինանսների նախարարների հետ և ՀՀ ֆինանսական ոլորտի խնդիրների մասին քննարկում անցկացրել։
«Հրապարակ» թերթը գրում է. Նոյեմբերից պատգամավորի մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը կընդգրկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Մինչ այժմ նա որեւէ հանձնաժողովում ընդգրկված չէր, չնայած օրենքը պահանջում է, որ բոլոր պատգամավորներն անդամակցեն որեւէ մշտական հանձնաժողովի։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Բնական է, որ այդ հանձնաժողովը նրան հարմար չէր: Մենք տեղեկացանք, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված Ասպրամ Կրպեյանն է իր տեղը զիջել Լեւոնին` տեղափոխվելով առողջապահության հանձնաժողով։ Հիշեցնենք․ այս հանձնաժողովում «Հայաստան» դաշինքից ընդգրկված են նաեւ Արմեն Ռուստամյանը եւ Քրիստինե Վարդանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հրապարակել է ՔՊ դրամահավաքի յուղալի նվիրատուներին։ Այս անգամ նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաեւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։ Հավելենք նաեւ, որ մամուլում դեռ նախորդ տարի լուրեր էին պտտվում, որ մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել ՊԵԿ-ից եւ Գոռ Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Նշենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ Վովայի Արշակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւս մասնակցել է դրամահավաքին եւ հանգանակել է 100 հազար դրամ։ Նա այն պատգամավորն է, որն իր մեքենայով բախվել էր բեռնատար մեքենային եւ վարել էր ոչ սթափ վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի մանրամասն ներկայացնել նշված ցանկը, որը, ի դեպ, ստացել ենք այն բանից հետո, երբ ՔՊ-ի դրամահավաքի ցանկը գաղտնի պահելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՔՊ-ի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաեւ, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, եւ, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա․ Ռշտունին սպառնում է քաղաքացուն։
Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլեւ շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետեւելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը եւս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեպքում, երբ նա Ազգային ժողովում սպառնաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրել եւ մինչ օրս անպատիժ է: Ի դեպ, նա նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը 2017թ.-ին բերման էր ենթարկվել թմրանյութերի գործով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ձնահոսքի հետեւանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից։ Մասնավորապես, զինվորի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին, եւ պահանջել են, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Եւ, ահա, հրամանատարության զիջումների հետեւանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետեւանք ունեցավ։ Նշենք, որ երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ճանապարհին զոհված Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։
Նախարարը նախ նշեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ միայն ծառայողական քննության եւ քննչական գործողությունների արդյունքում։ Ամեն դեպքում, Պապիկյանն ընդգծեց, որ վերջին 10 օրերին շատ բարդ եղանակային պայմաններ են լեռնային հատվածներում։ «Այս պահին ունենք 200 ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, փակ դիրքեր՝ բքի եւ ձյան պատճառով։ Շատ կարեւոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություններ։ Իհարկե, այս խնդրի, դիպվածի հիմքում կան նաեւ պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ։ Ես անուններ եւ պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ որեւէ տեղաշարժ չիրականացնել», – նշել էր Պապիկյանը: Սուրեն Պապիկյանը հավելել է նաև. «Կա վարկած՝ այս դեպքի հետ կապված, ու այդ վարկածը բավական հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Եվ պետք է հորդորեմ նաեւ մեր քաղաքացիներին, զինծառայողների հարազատներին զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից։ Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել են ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահոսքի բերումով եղել է այն, ինչ եղել է»: «Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է դեպքի ողջ մանրամասներին, բայց ծառայողական քննությանը եւ, առհասարակ, տարվող քննությանը չվնասելու համար այս պահին դրանք չենք հրապարակում»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից հերթական վարկն է պատրաստվում վերցնել՝ Երեւանի Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը կառուցելու համար։ Վարկի գումարը կազմում է 60 մլն եվրո։ Փաստորեն, Ավինյանը Երեւանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել՝ դրանք փակելու բեռը թողնելով հետագա իշխանությունների ու սերունդների վրա։ Իսկ թե ինչի վրա են ծախսում բյուջեի հավաքագրումները, որոնց աճով այդքան հպարտանում են ՔՊ-ական իշխանությունները, պարզ չէ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա են դարձել Օղակաձև զբոսայգու, մասնավորաբար 4-րդ հատվածի հետագայի վերաբերյալ խոսակցությունները: Կարծիքները տարբեր են, ընդուպ՝ ծայրահեղ տարաբևեռ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մարամասներ են հայտնի դարձել: Ի մասնավորի, մեր աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, պարզ է դարձել, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ կա որոշակի չբացահայտված նախապատմություն: Ըստ այդմ, թենիսի կորտերը վարձակալական հիմունքներով տրվել են մի ընկերության, որի սեփականատերը փաստացի հանդիսացել է նախկինում Երևանի քաղաքապետարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը: Արդյունքում, նշված հատվածի վարձակալությունը իրականացվել է տվյալ տարածքի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, շուրջ 1 հա տարածքի համար ընկերությունը վճարում է մոտ 500 հազար ՀՀ դրամ: Ավելին, ըստ նույն աղբյուրների, նախկին պաշտոնյայից ստվերային գործարքի արդյունքում վերցվել է տվյալ տարածքը և փաստացի այս պահին շահագործվում է այլ կազմակերպության կողմից: Այսպիսով, ստացվում է, որ չնչին գումարներ համայնքին վճարելով՝ տնտեսվարողը գերշահույթ է ապահովել՝ Երևան համայնքին պատճառելով միլիոնավոր դրամների վնաս:
«Փաստ» օրաթերթը գրում է. Բազմաթիվ հարցերում, ի մասնավորի՝ սոցիալական, ցանկացած երկրում առաջնային նշանակություն ունի պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Սա առավել մեծ կարևորություն ունի մեր նման երկրների համար, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ընդ որում, մոտ 4 մլրդ դրամը՝ Սյունիքի մարզում, ավելի քան 1,2 մլրդ դրամն էլ՝ հանրապետական տարբեր ծրագրերի համար: Ուշագրավ է, որ ամենամեծ ծավալով ներդրումները եղել են սոցիալական աջակցությունների մասով՝ ավելի քան 1,5 միլիարդ դրամ: Դրանք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը՝ հոգալու իրենց սոցիալական կարիքները: Մոտ 700 միլիոն դրամ տրամադրվել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք ուղղված են եղել աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին՝ իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր մասնավորաբար Կապան և Քաջարան համայնքներում: 600 մլն դրամ տրամադրվել է սպորտին աջակցելու ծրագրերի տեսքով, ևս 500 մլն դրամ էլ կազմել են առողջապահական ներդրումները, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաև անհատական աջակցության տեսքով:
Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողի ուսման վարձավճարները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և, գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը՝ ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։ Հավելենք, որ մոտ 500 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր՝ հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Ներդրումները ներառում են նաև մի շարք այլ բնագավառներ. օրինակ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (մոտ 567 մլն դրամ), արհմիության (մոտ 106 մլն դրամ) և այլ ծախսեր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաեւ մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, եւ վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։ Մենք դիմել էինք Հ1` փորձելով ճշտել, թե ինչ գնահատականի է արժանացել Բարսեղյանի այս արարքը։ Հ1-ից լղոզված պատասխան են տվել. «Հանրային հեռուստաընկերությունը մշտապես ուսումնասիրում է մամուլի հրապարակումները հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքում է տվյալ հրապարակումներին»։ Սակայն մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո Հանրայինի տնօրինությունը` Հովհաննես Մովսիսյանը, Լուսինե Բարսեղյանին նկատողություն է հայտարարել ծաղկամանի պատմության համար։ Հ1-ի աշխատակազմից հաստատեցին մեր լուրը` խնդրելով իրենց հղում չտալ: Բարսեղյանը Հ1-ում ահուսարսափի մթնոլորտ է ձեւավորել եւ պարբերաբար խոստանում է իրեն չենթարկվողներին «բոմժ սարքել»: