Չնայած դժվարություններին, անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այն է` մաքսայինի բացակայությունը, անարգել միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը ԵԱՏՄ մեծ շուկա, այս ամենը հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և պատճառ է հանդիսանում տնտեսական աճի համար, որն այսօր արձանագրում է երկիրը։ Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյոնքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետը Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ և Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում միանշանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և երկրի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառը։
"Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 92,7 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանումը 2022 թվականին կազմել է 2,5 մլրդ դոլար, ինչը 2,8 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար՝ աճելով 49%-ով։ Իսկ այս տարի ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը, ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի կանխատեսումներից մեկի համաձայն, կգերազանցի 100 միլիարդ դոլարը, և դա կդառնա նոր ռեկորդ։ Նա նաև կարծում է, որ հինգ երկրները ստեղծել են պայմաններ, որոնց դեպքում բիզնեսի ներկայացուցիչների համար հարմար է աշխատել միմյանց հետ։ 2022 թվականի վերջին ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի, միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության արագացված աճ կա՝ համեմատած այլ երկրների հետ",- ասաց Մանասերյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերություններին, ապա մինչև 2023 թվականի վերջ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կգերազանցի ներմուծումը գրեթե մեկ քառորդով, իսկ այսօր Հայաստանից արտահանման կեսից ավելին է բաժին ընկնում այդ երկրին, մատնանշեց բանախոսը։ Բացի այդ, զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է գալիս դեպի Հայաստան. "Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մոտ 850 հազար մարդու մասին է",- ասաց տնտեսագետը։
Չնայած Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այս պահին տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն ՀՀ ունեցած դիրքերով ապրանքաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով։
"Ռուսական մասնաբաժինը արդեն ավելի քան 90 տոկոս է։ Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս արդյունավետ փոխգործակցել և զարգացնել մեր առևտրատնտեսական կապերը։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կկազմի 5 մլրդ դոլար։ Ֆինանսական տրանսֆերտների ներհոսքը նախորդ տարի գրեթե նույնքան է եղել, որը փոքր-ինչ նվազել է 2023թ. Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 2,5 մլրդ դոլարի ապրանք",- ասաց նա։
Ինչ վերաբերում է հայկական կողմի «խաղաղության խաչմերուկ» նախագծին, տնտեսագետը նշեց, որ Մոսկվան փաստացի աջակցում է դրա իրականացմանը։
«Հայաստանի կառավարության ներկայացրած կապի ապաշրջափակման ծրագիրը ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Ռուսաստանը ֆինանսավորում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը՝ օգտագործելով Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցները։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար",- հավելեց Մանասերյանը։