VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաեւ այդ հիմնադրամի կանոնադրությունը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է
Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական
Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են նաեւ ֆիննախարար
Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար
Սուրեն Կարայանը եւ «Անիվ» հիմնադրամի նախագահ
Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ:
Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ այլն: Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ եւ այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել»:
«Ժողովուրդ» թերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ
Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար
Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար
Իգնատի Առաքելյանը: Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի: Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հաղթելու որեւէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։ Ինչպես ամեն անգամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ եւս իշխանությունը սկսել է այս հռետորաբանությամբ հայտարարությունները։ Դրանք միայն կամ ամենեւին քարոզչական հայտարարություններ չեն։ Դրանք իշխանության հոգեվիճակ, ինքնավստահությունը արտահայտող հայտարարություններ են։ Ժամանակի ընթացքում իրականությունից կտրվածության հետեւանքով բթացած պատրանքի հետեւանք հայտարարություններ են։ Ու այդպիսին լինելով՝ ինքնախոստովանական հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու, այլ կայանալու է ընտրական ակտ, որն ընդամենը տեխնիկապես արձանագրելու է իշխանության՝ իշխելու իրավունքը։
Դա ընտրական իրավունքի ու ժողովրդին՝ իշխանության պատկանելու սահմանադրական իրավունքի հետ կապ չունեցող իրավունք է։ Որովհետեւ երկրում, որի տնտեսական ծանր վիճակի մասին հայտարարությունները զբաղեցնում են վարչապետի խոսքի առյուծի բաժինը, երկրում, որտեղ աղքատության իրական մակարդակն աճում է ամեն օրվա հետ, ու երկրում, ուր կյանքը ոչ թե վայելում են, այլ քարշ տալիս, ահա այդ եւ բազմաթիվ այդպիսի բնորոշումներ ունեցող երկրում իշխանության հաղթանակի մասին մտածելու համար պետք է խնդիրներ ունենալ իրականության ընկալման ու բարոյականության հետ։ Այո, Հայաստանում ընդդիմությունը թույլ է, գուցե առավել, քան երբեւէ, ընդդիմադիր ուժերը բզկտված են, ռեսուրսներ չունեն, չի երեւում նրանց իրական միավորման ու բեւեռացման հնարավորությունը։ Բայց դա ամենեւին չի նշանակում իշխանության մեխանիկական հաղթանակ։ Որովհետեւ իշխանությանն ընդդիմադիր են ոչ թե առանձին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, այլ հասարակության, անկուսակցական մարդկանց մեծամասնությունը։
Պարզապես ընդդիմության թուլացած վիճակն այդ տրամադրություններն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն չի տալիս, բայց այդ հնարավորությունը կարող է առաջանալ մինչեւ ընտրությունները մնացած ժամանակահատվածի ամեն օրվա հետ։ Իշխանության անբեկանելի հաղթանակի մասին այս օրերին հնչող հայտարարությունները, քաղաքական հայտարարություններ լինելուց բացի, հայ ժողովրդին ուղղված մեծաագույն վիրավորանք են, քանի որ այդպիսով հայ հասարակությունը ներկայացվում է՝ որպես աշխարհի ամենամազոխիստ մարդկանց հավաքականություն, ինչը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բժշկական ախտորոշում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը վարչապետ
Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից եւ խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։ Նա դժգոհել է, որ Կարեն Կարապետյանն արդեն երրորդ ամիսն է, ինչ նոր պաշտոնում է, սակայն իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն ավելի մշուշոտ են դառնում, դրական քայլերի փոխարեն միայն ձախողումների եւ անհաջողությունների պատճառների մասին է խոսվում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։ Չնայած հայտարարվեց, թե կառավարությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումներ անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Տեղեկություններ կան, որ այս պաշտոններում, այսպես կոչված, պատահական մարդիկ չեն, այնպես, ինչպես ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների շարքային աշխատակիցները, այդ պատճառով էլ ընտրություններից առաջ վտանգավոր է համարվում նրանց դիպչելը։ Մինչդեռ հանձնարարական էր անգամ տրված, որ մարզպետներից ստանան կրճատումների հետ կապված առաջարկություններ, որից հետո կառավարությունը որոշում կկայացնի։ Որոշ հաշվարկներով, յուրաքանչյուր փոխմարգպետ տարեկան 5-7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, յուրաքանչյուր մարզպետ առնվազն երկու տեղակալ ունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար
Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ: Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել եւ այլն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերևներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը», բոլորն ահով սպասում են։ Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝
Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի
Վրեժ Մարկոսյանը, գործարար
Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաև ջավախահայ
Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»: