2022 թ. սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ ռազմական մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Փաշինյանն, ըստ էության, առաջնահերթ նկատի ուներ Հայաստանի թիվ մեկ ռազմական մատակարար Ռուսաստանին: Այս մասին գրում է Հետքը:
«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (նկատի ուներ Ադրբեջանը - հեղ.) որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի»,- նույն նիստում հայտարարել էր Փաշինյանը:
Այնպես չէր, որ ամեն ինչ սկսվել էր հենց 2022 թ. սեպտեմբերին, Փաշինյանի խոսքերը վերաբերում էին շատ ավելի մեծ ժամանակահատվածի, բայց հենց 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո նոր թափ ստացան լուրերն ու խոսակցությունները հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության մասին:
«Swathi» ռադարներ
Ըստ հանրային բաց տվյալների՝ Հնդկաստանից Հայաստանն առաջին անգամ զենք պատվիրել է 2020 թ.: Խոսքը «Swathi» հակահրետանային ռադարների մասին է, որոնք կիրառվում են՝ հակառակորդի հրետանային միջոցները տեղորոշելու, ինչպես նաեւ արձակված արկերը հայտնաբերելու համար: Զենքի առեւտրի վիճակագրության եւ հետազոտությունների մեջ մասնագիտացած Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Հայաստանն իր պատվիրած 4 ռադարները ստացել է 2021 թ.: Գործարքն արժեցել է 40 մլն դոլար: Հնդկական «The Economic Times»-ն էլ գրել էր, որ գործարքի գինը եղել է 3,5 մլրդ ռուփի կամ մոտ 43 մլն դոլար։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ հնդկական ռադարի՝ պաշտոնապես հայտարարված տեխնիկական բնութագրերը բավականին լավն են: Ըստ բաց աղբյուրների՝ ռադարը տեղորոշում է 2-20 կմ հեռավորության վրա գտնվող ականանետային օջախները, 2-30 կմ հեռավորության հրանոթները եւ 4-ից մինչեւ 60-80 կմ հեռավորության վրա գտնվող չկառավարվող հրթիռների արձակման կայանները: Ներսիսյանի ասելով՝ եթե «Swathi»-ն համեմատենք, օրինակ, ռուսական «Զոոպարկի» հետ, ապա պետք է ասել, որ առաջինը բավականին հավաք (կոմպակտ) է, այնինչ ռուսական համակարգը բաղկացած է մի քանի մեքենաներից, դանդաղաշարժ է ու, ըստ այդմ, ավելի հեշտ խոցելի, քան հնդկականը, բացի դրանից՝ «Swathi»-ն բարդ տեխնիկա չէ կիրառության տեսանկյունից:
«The Economic Times»-ը գրել էր, որ «Swathi» ռադարները հնդկական բանակը հաջողությամբ կիրառել է Պակիստանի ու Չինաստանի հետ սահմաններին։ «Հնդկական տեխնիկան լավ է նրանով, որ ռազմական գործողությունների թատերաբեմը սարերում է, ու դրանք ավելի լուրջ սարեր են, քան Հայաստանում կան՝ 5 կմ եւ ավել բարձրության՝ Հիմալայներում»,- նկատում է Լեոնիդ Ներսիսյանը՝ հավելելով, որ հնդկական ռազմարդյունաբերությունը, ելնելով իր երկրի աշխարհագրությունից, շեշտը դնում է լեռնային տեղանքի վրա, ինչը հարմար է նաեւ Հայաստանին:
Այս համակարգերի մասին «Հետքը» գրել էր 2022 թ. սեպտեմբերին՝ հղում անելով հնդկական «The Economic Times»-ին:
Ըստ ինֆորմացիայի՝ հայ-հնդկական պայմանագրերի արդյունքում, որոնց գինն ավելի քան 20 մլրդ ռուփի է կամ մոտ 245 մլն դոլար, հնդկական կողմն առաջիկա ամիսներին պետք է Հայաստան առաքի «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), հակատանկային հրթիռներ, զինամթերքի տեսականի։
«Pinaka»-ների նախագծումը Հնդկաստանն սկսել է 1980-ականներին, ինչի վերջնարդյունքում այս համակարգը փոխարինելու է խորհրդային/ռուսական «Գրադ» ՀԿՌՀ-ին։ Ծրագրվում էր, որ 1994-ից սկսած ամեն տարի հնդկական բանակը պետք է համալրվեր «Pinaka»-ի մեկ գնդով։ Յուրաքանչյուր գունդ ներառում է 3 մարտկոց, որոնցից ամեն մեկում կա 6 ՀԿՌՀ, գումարած ռեզերվը։ Այսինքն՝ հնդկական չափանիշներով «Pinaka»-ի մեկ գնդում կա առնվազն 18 արձակող կայան, բացի դրանից՝ գունդը ներառում է սպասարկող մեքենաները, ռադար եւ հրամանատարական կետ։
«The Economic Times»-ը 2022 թ. սեպտեմբերին գրել էր, որ Հայաստանը պատվիրել է «Pinaka»-ի 4 մարտկոց, որոնցից 2-ն առաքվելու են սկզբում, իսկ հետո՝ եւս 2-ը: Եթե դիտարկենք հնդկական չափանիշներով, ստացվում է, որ հայկական բանակն ստանալու է 24 արձակող կայան, գումարած՝ մնացած համակարգերը:
«Pinaka»-ն ունի 122 մմ եւ 214 մմ տրամաչափով տարբերակներ, որոնցից առաջինը համապատասխանում է խորհրդային/ռուսական «Գրադին», իսկ երկրորդը մոտ է խորհրդային/ռուսական «Ուրագանին», որի տրամաչափը 220 մմ է։ Կախված տարբերակներից՝ «Pinaka»-ի հրթիռի առավելագույն խոցման հեռավորությունը 37,5-ից մինչեւ 75 կմ է («Գրադի» պարագայում առավելագույն հեռավորությունը նշվում է 42 կմ, «Ուրագանի» դեպքում՝ 35 կմ)։ Փորձարկումների փուլում են «Pinaka»-ի՝ մինչեւ 90 կմ հեռահարության հրթիռները:
Ըստ «The Economic Times»-ի՝ Հայաստանը ձեռք է բերելու «Pinaka»-ի ընդլայնված հեռահարության (ER, extended range) եւ կառավարվող (guided) հրթիռներ: Կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կմ է, միաժամանակ հստակ չէ, թե ընդլայնված հեռահարության որ հրթիռների մասին է խոսքը, քանզի «Pinaka»-ն ունի «Mk-I» (հեռահարությունը՝ 37,5 կմ) եւ «Mk-II» (60 կմ) հրթիռներ, որոնց համապատասխան մշակել է ավելի մեծ հեռահարության տարբերակներ՝ «Mk-I Enhanced» (45 կմ) եւ «Mk-II ER» (90 կմ, ըստ տեղեկությունների՝ փորձարկումների փուլում է):
«Pinaka»-ի գործարքի մասին ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ այն չի հերքվել ո՛չ հայկական, ո՛չ հնդկական կողմից, ինչը բավարար է մտածելու համար, որ դա կայացած գործարք է: «Հետքի» զրուցակիցը հավելում է, որ պարզապես Հնդկաստանն այնպիսի երկիր է, որի ռազմարդյունաբերական համակարգից միշտ ինֆորմացիայի արտահոսք է լինում: Ներսիսյանը նկատում է, որ «Pinaka»-ներն իրենց լավ են դրսեւորել 1999 թ. հնդկա-պակիստանյան Կարգիլի պատերազմում, որն ավարտվել է հնդկական ուժերի հաղթանակով: Դրանից հետո հնդկական բանակն սկսել է համալրվել այս ՀԿՌՀ-ներով, ու չնայած ընթացքում որակի խնդիրներ են ծագել արտադրման գործընթացում, հետագայում դրանք լուծվել են:
Ներսիսյանն ասում է, որ «Ուրագանի» համեմատ «Pinaka»-ն նոր համակարգ է, բացի դրանից՝ «Ուրագանը» զարգացում չունի, նման փորձեր արվել են, բայց հետո ռուսական կողմը շեշտը դրել է «Գրադի» ու «Սմերչի» զարգացման վրա: Ռազմական փորձագետը նշում է նաեւ, որ Հայաստանի հետ գործարքից առաջ հնդկական բանակը «Pinaka»-ի ձեռքբերման հերթական խոշոր գործարքն էր կնքել: «The Economic Times»-ը 2022 թ. աշնանը գրել էր, որ հնդկական բանակը պատվիրել է «Pinaka»-ի 6 գունդ, ներառյալ՝ 114 արձակող կայան:
20 մլրդ ռուփի կամ 245 մլն դոլար արժեցած գործարքի շրջանակներում, ըստ հնդկական «The Print» օրաթերթի, Հայաստանն ստանալու է նաեւ «Կոնկուրս» հակատանկային հրթիռներ եւ տարբեր տեսակի սպառազինություն, ներառյալ՝ 80 մմ ականանետներ: Նկատենք, որ Հնդկաստանը լիցենզիայի հիման վրա դեռ 1990-ականներից արտադրում է խորհրդային մշակման «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ: Ինչ վերաբերում է ականանետներին, Ներսիսյանը կարծում է, որ խոսքը, թերեւս, 82 մմ տրամաչափի մասին է, ինչպիսին կիրառելու փորձ հայկական բանակն ունի:
Ինքնագնաց եւ քարշակվող հրետանի
2022 թ. նոյեմբերին հնդկական մամուլն անդրադարձավ հայ-հնդկական նոր գործարքի: «Bharat Forge» ընկերությունը հայտարարել էր, որ իր դուստր ձեռնարկությունը՝ «Kalyani Strategic System»-ը, 155 մմ տրամաչափով հրանոթների արտահանման պատվեր է ստացել, որը պետք է կատարվի առաջիկա 3 տարում: Գործարքի գինը 155,5 մլն դոլար է: Տեղական «Business Standard»-ը գրել էր, որ իրենց ՊՆ-ում ունեցած աղբյուրների տեղեկացմամբ՝ գնորդը Հայաստանն է, եւ խոսքը 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ) մասին է, որոնք հայտնի են իբրեւ «MArG 155-BR» (MArG - Multi-terrain Artillery Gun):
«Business Standard»-ի հոդվածի հեղինակը պաշտոնաթող գնդապետ Աջայ Շուկլան էր, որը նշել էր, թե եթե հիմք ընդունվի «Bharat Forge»-ի հայտարարած արժեքը՝ 155,5 մլն դոլար, ապա հայկական պատվերը պետք է որ ներառի 155 մմ տրամաչափով ԻՀԿ-ների 4-5 գունդ, որոնցից յուրաքանչյուրում կա 18-20 կայանք, այսինքն՝ ընդհանուր 72-ից մինչեւ 100 հատ ԻՀԿ:
Պաշտոնաթող գնդապետը պնդում է, որ Հայաստանը հերթական խոշոր ռազմական գործարքն է կնքել Հնդկաստանի հետ
2022 թ. հոկտեմբերին Հնդկաստան էր մեկնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցել էր նաեւ ռազմարդյունաբերական ցուցահանդեսի: 2023 թ. մարտին «Indian Defence Research Wing» հարթակը գրել էր, որ «MArG 155-BR»-ի շուրջ գործարքը կնքվել է այս ցուցահանդեսի ժամանակ, իսկ դրանից առաջ Հայաստանը պատվիրակություն էր ուղարկել Հնդկաստան, որը շուրջ 40 օր փորձարկել էր զինատեսակը:
Լուրեր տարածվեցին նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերելու նույն արտադրողի մեկ այլ տեխնիկա՝ 155 մմ տրամաչափ ունեցող «ATAGS» հաուբից (ATAGS - Advanced Towed Artillery Gun System), որը քարշակվող է, բայց ավելի հզոր ու հեռահար զենք է, քան «MArG-155»-ը (առաջինի հեռահարությունը նշվում է 48 կմ, երկրորդինը՝ 24 կմ): «The Print»-ն այս տարվա ապրիլին գրել էր, որ «ATAGS»-ի արտահանման մասին ինֆորմացիան հնդկական ՊՆ-ի կողմից խոստովանություն է, քանզի նույնիսկ հնդկական բանակը դեռ չի զինվել այս տեխնիկայով: Պարբերականի փոխանցմամբ՝ չնայած պաշտպանական գերատեսչությունը չի հայտնել, թե որ երկիրն է գնորդը, ըստ աղբյուրների՝ դա Հայաստանն է: Հնդկական «ANI» գործակալությունն իր հերթին այս տարվա մարտին գրել էր, որ հնդկական բանակը 307 հատ «ATAGS» հաուբիցի պատվեր է իջեցրել ՊՆ, որի արժեքն ավելի քան 1 մլրդ դոլար է:
Լ. Ներսիսյանն ասում է, որ կոպիտ հաշվարկներով մոտավոր 100 մլն դոլար էլ, թերեւս, կարժենա «ATAGS»-ի հայ-հնդկական գործարքը: Նա նկատում է, որ համացանցում էր հայտնել մի տեսանյութ, որում ասվում էր, թե առաջին խմբաքանակն է պատրաստվում «մեր ընկերների» համար: «Հայաստան չեն ասում, բայց բոլորը գրում են Հայաստան, ու ոչ մեկ էլի չի հերքում»,- նկատում է ռազմական փորձագետը:
Հարցին, թե ինչով է հնդկական ռազմարդյունաբերությունը գրավիչ Հայաստանի համար, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է. «Հնդկական ռազմարդյունաբերությունը ձգում է նրանով, որ այս պահին Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որոնք պատրաստ են Հայաստանին որեւէ բան վաճառել: Բացի դրանից՝ Հնդկաստանը բավականին մեծ քանակի զենք է արտադրում տարբեր կատեգորիաներում: Կա նաեւ գին-որակի հարցը: Որակի առումով 100-տոկոսանոց երաշխիք չունենք, քանի որ շատ քիչ երկրներ են գնել հնդկական զենք, ու այս երկիրը նոր խաղացող է շուկայում, բայց ինձ թվում է, որ հենց նոր խաղացող լինելն է շատ լավ ազդում գնի վրա, ու դրա համար հնդիկները ճկունություն են ցույց տալիս: Հնդկաստանին հարմար է սեփական արտադրության զենքը վաճառելն ու ցույց տալ, որ հաճախորդ ունի՝ պատերազմի մեջ գտնվող երկիր (Հայաստանը – հեղ.), ու եթե ռազմական գործողություններ լինեն, եւ այդ զենքն իրեն լավ դրսեւորի, Հնդկաստանի համար դա շատ լավ կլինի: Եթե հայ-հնդկական գործարքների գները գումարենք, շատ լուրջ գումար է ստացվում հնդկական ռազմարդյունաբերության արտահանման մասշտաբով: Այդ առումով Հայաստանը հիմա կարող է առաջին երկիրը լինել Հնդկաստանի համար»: