VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխող ՔՊ-ում առանձնապես գոհ չեն Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Ներքին բուռն քննարկումներ են ընթանում, որ կազմակերպված, տպավորիչ, ազդեցիկ միջոցներ չեն ընտրել քարոզարշավի համար։ Բացի այդ, թաղային հեղինակություններն էլ կարծես հուսախաբ են անում` չեն օգնում, թեպետ նախապես խոստացել էին, որ ոչ միայն ձայներ կբերեն, այլեւ հանդիպումներին մասովկա կապահովեն: Սակայն ՔՊ-ում հատկապես քննարկման թեմա է դարձել Էրեբունի համայնքում Ավինյանի՝ մի քանի օր առաջ անցկացրած քարոզարշավը, որը ոչնչով չէր տարբերվում մյուս համայնքների հետ հանդիպումներից: Թեպետ հույս ունեին, որ Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կկատարի իր խոստումները, եւ ամենատպավորիչ հանդիպումն այստեղ կկայանա: Իզո՞ւր է, որ Սեդրակյանի որդին այդքան տենդերներ է շահում եւ իշխանավորների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կուսակցական կյանքը կանգ է առել: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ վարչության նիստեր կամ ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ չեն լինում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական վարչության անդամներից տեղեկացավ, որ պատճառը քարոզարշավն է: Այս օրերին իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին, իսկ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով է զբաղված. նախ՝ Սյունիք էր մեծ շքախմբով այցելել, հետո՝ Լոռի, դրա համար էլ վարչության նիստերի ու կուսակցական հանդիպումների ժամանակ չունեն:
Կուսակցության վարչության բոլոր 15 անդամները քարոզարշավով են զբաղված այս օրերին. Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Գնել Սանոսյանը, Վաղարշակ Հակոբյանը non-stop ռեժիմով քարոզարշավին են մասնակցում ու Տիգրան Ավինյանի հետ վարչական տարբեր շրջաններ են գնում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, առհասարակ, ո՛չ ՔՊ վարչության նիստերին է մասնակցում, ո՛չ էլ գործադիրում է ակտիվ. անհասկանալի է՝ ի վերջո որոնք են նրա գործառույթները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, նոր է վիրահատվել, իսկ Արփի Դավոյանն էլ, ինչպես միշտ, որպես Փաշինյանի «թիկնապահ» ամենուր ուղեկցում է նրան, հիմա էլ հաճախ նրան մարզային այցելությունների ժամանակ տեսնում ենք Փաշինյանի կողքին: ՔՊ-ականների ահա այսչափ զբաղվածությունն ու խիտ գրաֆիկն է պատճառը, որ վարչության նիստեր չեն լինում. վերջին նիստը եղել է օգոստոսի 3-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին:«Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված: Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչեւ այդ հարցը կլուծվի: «Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում եւս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի եւ նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։
Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հասցնում է լինել գրեթե բոլոր քարոզչական եւ քաղաքական միջոցառումներին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է, չի հասցնում իր ոլորտում առկա խնդիրները լուծել ու այն առաջնային համարել: Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, իսկ նախարարը հետաքրքրված է լողի սիրողական մրցաշարով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրողներին ծանուցելու համար։ «Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ ընտրողների թվաքանակը կազմում է 823 հազար 559։ Հիմք ընդունելով ընտրողների թվաքանակը՝ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ծախսերը կկազմեն 275, 0 մլն դրամ, որից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ, ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար»,- նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ՆԳՆ բյուջետային միջոցները չեն բավականացնում նշված ծախսերը ֆինանսավորելուն, ուստի անհրաժեշտ է հիշյալ միջոցները հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության ավարտ է հայտարարվել Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով. այն խլեց 15 զինվորի կյանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ գործով կալանավորված սպա Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Ըստ նախաքննական մարմնի՝ սպան բենզինը լցրել էր վառարանը, կրակը անսպասելի թեժացել էր, ինչի հետեւանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքը։ Հիշեցնենք, որ դեպքը եղել էր այս տարվա հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, եւ պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։ Գաղտնիք, չէ, որ մշտապես Փաշինյանն է ի վերջո իր համար «սիրելի» կադրերին նշանակում նման պատասխանատու պաշտոններին, որոնք հիմնականում ձախողում են. վկան խաղաղ պայմաններում մահացած զինվորներն են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունները պատրաստվում եմ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է համաձայնագրին հավանություն տալու հարցը։ Ըստ այդմ՝ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։ «Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա կարծես թե տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում։