Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է. Աբրահամյան
Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
"Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից:
Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:
Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի:
Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը",- գրել է Աբրահամյանը: