Անհետ կորած զինծառայողների ծնողները նորից փակել են Բաղրամյան պողոտան
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները նորից փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի մոտ: Անցած շաբաթ ևս նրանք այստեղ բողոքի ակցիա իրականացրեցին, հայտարարում էին, որ իրենց որդիների գործով ոչինչ չի արվում, և մի քանի ժամ հետո հեռացան, քանի որ իրենց փոխանցվեց, որ Փաշինյանը նրանց կընդունի: Բայց մինչև այսօր այդ հանդիպումը տեղի չի ունեցել, ավելին՝ նրանց հետ կապի դուրս չեն եկել:
Վերջինս, հիշեցնենք, ժամանակավորապես տեղափոխվել է Բաղրամյան 26, քանի որ Կառավարության շենքում հերթական վերանորոգման աշխատանքներն են ընթանում:
Քիչ առաջ նրանք փակեցին Բաղրամյան պողոտան՝ արդարություն պահանջելով երկրի իշխանություններից և հայտարարելով, որ ահա արդեն երեք տարի է նրանց խաբում են, որևէ հստակ պատասխան չեն տալիս, թե ուր են իրենց որդիները, ինչ է նրանց հետ տեղի ունեցել: