Մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը. Արցախի պետնախարար
Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նաեւ նշել է. «Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի զիջման քաղաքականության դեմ տարվող իմ ու Արցախի ժողովրդի պայքարի դեմ, նպատակ է հետապնդում ջլատել մեր ուժերն ու հանրության մոտ ձևավորել անվստահության մթնոլորտ:
Թեև ձգտում եմ նմանօրինակ երևույթներին ուշադրություն չդարձնել, այդուհանդերձ գիտակցում եմ նաև, որ հաճախ դրանց չանդրադառնալը կարող է ձևավորել ակնհայտ կեղծ տեղեկությունները որպես իրական ճանաչելու ընկալումներ:
Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է, ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում և նույն հերթերում լուռ, համեստորեն ու անարձագանք լսում ոմանց կողմից տարածվող կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի վայելքների մեջ են պետական իշխանավորները, այդ թվում Արցախի պետական նախարարի ընտանիքը:
Արցախում իրավիճակի կայունացումից հետո պետք է պետական համակարգի ու հանրության ողջ ներուժն ուղղենք պետականակործան նմանօրինակ բոլոր երևույթների ի սպառ վերացմանն ու չեզոքացմանը»: