Համաժամանակյա հանրահավաքներ կլինեն Ստեփանակերտում և Երևանում. Արցախի պետնախարար
Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
"Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:
Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար",- գրել է պետնախարարը: