27.11.2024
Ուղղված չէ ՌԴ դեմ. Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի մտահոգությանը
prev Նախորդ նորություն

ԼՂ բնակչությունը էթնիկ զտումների և ցեղասպանության իրական սպառնալիքի առջև է. Արշակյան

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:


Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը ձեւավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, եւ այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:


«Արդեն 7 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, շարունակում է ապօրինի շրջափակված մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռեւս բախվում ենք ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների եւ ցեղասպանության իրական սպառնալիքի առջեւ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:


ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձել է ընթացող նիստի օրակարգին: «Այսօրվա նիստը նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաեւ միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը: Գիտակրթական ոլորտը քաղաքակրթական ճգնաժամի պայմաններում գլոբալ խնդիրները լուծելու տեսանկյունից կարեւորագույն գործոն է եւ իրավամբ համարվում է ժամանակակից տնտեսության զարգացման կայուն հիմքերից մեկը»,- նշել է նա:


ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձեւավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարեւորությունը:


Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի եւ Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր եւ Իրկուտսկ քաղաքների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր:


Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:


Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 21-ին Իրկուտսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզեվի եւ Իրկուտսկի հայ համայնքի հետ: