28.11.2024
Զորակոչիկների իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում
prev Նախորդ նորություն

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով:

Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը:

Ինչպես հայտնի է, 2023-2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել երկու անգամ՝ համաձայն ՀՀ Կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:

Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:

«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել են ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:

Անդրադառնալով պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցին՝ նիստի մասնակիցները որոշել են քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:

Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քննարկել բուհերին հատկացվող տեղերի ընդհանուր մոտեցումը վերանայելու հարցը՝ բուհին տալով ավելի մեծ ազատություն վճարովի տեղերն օգտագործելու առումով: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը` բուհին վերապահելով գործունեության ազատություն` ակադեմիական ազատության շրջանակում:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև նոր կազմավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, Ակադեմիական քաղաքի ծրագրին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին՝ կարևորելով ոլորտի ներկայացուցիչների մասնակցայնությունը հայեցակարգի մշակմանը:

«Ցանկանում ենք ունենալ հնարավորինս մասնակցային գործընթաց, որոշումներ կայացնել քննարկումների և մասնագիտական առաջարկությունների արդյունքում: Ցանկանում ենք նախաձեռնել մի գործընթաց, որը թույլ կտա հենց ամենասկզբից՝ հայեցակարգային առաջարկների մակարդակում մասնակցություն ապահովել: Մեր խնդրանքը մեկն է՝ ապահովել հնարավորինս մասնակցային գործընթաց, որը բխում է բոլորիս շահերից: Ունենք փոփոխությունների կարիք, և որպեսզի այդ փոփոխությունները լինեն մտածված ու որակյալ, անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագիտական քննարկումներ ապահովել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ նախարարություն արդեն հրապարակել է հայեցակարգային առաջարկների ներկայացման հրավերը:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի խոշորացված բուհերի առաջարկ, որը կներառի միավորվող կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները: Գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:

Նախարարի խոսքով՝ բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին:

«Նախատեսում ենք առաջիկայում հանրային քննարկման ներկայացնել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որտեղ, բնականաբար, դեռ շատ մեծ աշխատանք ունենք անելու»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ոլորտային ներկայացուցիչներին հորդորելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև Ակադեմիական քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումներին: