28.11.2024
Կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը. մեղադրվում է կաշառք ստանալու համար
prev Նախորդ նորություն

Պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանի համար. ՀԱՍԱԿ-ը կմասնակցի ընտրություններին

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրեց նաև վարչության նոր կազմը:

Ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի, ՀԱՍԱԿ-ը քննարկեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր:




Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել առաջիկա ընտրություններին: Նա նախ նշեց, որ մեր հայրենիքն ապրում է շատ բարդ, ճակատագրական ժամանակահատված, ինչը չի կարող չմտահոգել իր երկիրը սիրող մարդկանց:

«Ինձ հաճախ են հարց տալիս, թե ի՞նչ է լինելու: Ես ունեմ այդ պատասխանը՝ մեզանից յուրաքանչյուրն է որոշում, թե ինչ է լինելու: Դեռ որքա՞ն մենք պետք է ապրենք այսպես. Այս հարցն էլ է հաճախ հնչում: Եվ պատասխանը նույնն է՝ ես, դու, մենք ենք որոշելու: Եվ եթե ես վստահ չլինեի այս սկզբունքների մեջ, ես երբեք չէի նախաձեռնի այս կուսակցության հիմնադրումն ու զարգացումը: Շատերն ինձ ասում են, որ 2018-ին արդեն նախաձեռնել են, փորձել են, բայց չի ստացվել, հիասթափված են: Բայց սա ամենասխալ ուղին է, երբ մի անգամ չի ստացվում ու դու հրաժարվում ես: Եթե մենք հրաժարվենք մեր պետությունը կառուցելու դերից, ապա պետությունն ու պետականությունը կմեռնի»,- ասաց նա:

Ղուկասյանի խոսքով, մենք ամենուր բախվում ենք անարդարությանը, բայց ինքը չի պատրաստվում համագործակցել անարդարության հետ, այլ ընտրել է դրա հետ պայքարելու ճանապարհը: Իսկ կուսակցության անվանման մեջ էլ հենց արդարության կարևորումն է:

«Ես չեմ հրաժարվելու լինել բժիշկ, ով կփորձի բուժել երկիրը, ես չեմ պատրաստվում հանձնվել, հրաժարվել լինել ՀՀ քաղաքացի ու առավել ևս լքել Հայաստանը: Եվ ՀԱՍԱԿ-ը հանուն ապագայի կուսակցություն է»,- հավելեց նա:

Ըստ այդմ, կուսակցությունն ընդունեց հայտարարություն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Ընտրվեց նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»:

«Մենք մեր համեստ ռեսուրսներով ու դիրքորոշմամբ կփորձենք համոզել երևանցիներին, որ չենք պատրաստվում ծառայել այս կամ այն քաղաքական ուժին կամ էլիտաներին: Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երևանի ու երևանցիների ապագայի համար, և պատրաստ ենք մեր կամքը, մեր ձայնը պարտադրել: Միասին պայքարենք անարդարության դեմ»,- շեշտեց նա:




Քաղաքական ուժի ղեկավարը նշեց, որ այս ընթացքում տարբեր քննարկումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն որոշում է կայացվել միայնակ մասնակցել ընտրություններին: Ցուցակի հետ կապված մանրամասները նա դեռ չներչկայացրեց, ասաց, որ հարցը քննարկման փուլում է:

Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ կուսակցությունը պայքարել և պայքարելու է իրական փոփոխությունների ու բարեփոխումների համար, այլ ոչ թե դեկորատիվ փոփոխությունների: Եվ դա է պատճառը նաև, որ հասարակության շրջանում շատ մեծ է հիասթափությունը, որը հատկապես խորացավ 2018 թվականից հետո՝ մարդիկ հավատացին, բայց արդյունք չտեսան:

«Հիասթափվելու և կոտրվելու իրավունք չունենք, դա հանցագործություն է: Դա են ուզում մեր թշնամիները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նրանց ուզածն է, որ մենք լքենք մեր երկիրը, հեռանանք, բայց մենք պետք է պայքարենք հենց սրա դեմ և մեր կարգախոսը՝ «Դու կարո՛ղ ես», հենց դրա մասին է»,- ասաց նա:




Կոստանյանը կարևորեց Երևանի դեմքը պահպանելու ծրագրերը, որոնք առանցքային են լինելու իրենց ուժի համար:

 «Երևանը կորցնում է իր դեմքը. Սա անթույլատրելի է և պետք է կանգնեցնել: Մենք ունենք կոնկրետ լուծումներ, կոնկրետ ծրագիր, որը մշակել ենք մասնագետների մասնակցությամբ, որը կներկայացնենք քարոզարշավի ընթացքում: Մենք պայքարելու ենք Երևանի կոմպետենտ և արդար կառավարման համար և վստահ եմ, որ կհաջողենք միասին»,- հավելեց փոխնախագահը:

Վարչության անդամ Գրիգոր Բալասանյանն էլ ընդգծեց, որ հեռու է այն մտքից, որ Երևանի գլխավոր խնդիրը փոսերն ու ասֆալտապատումն է: Երևանի քաղաքապետը, նրա խոսքով, այլ գործով է զբաղված և կարծես կապ չունենա մայրաքաղաքի հետ:

«ՀԱՍԱԿ-ը գալիս է Երևանի համաչափ զարգացման, առկա անարդարությունները շտկելու համար: Երևանը մինչ օրս չունի զարգացման ռազմավարություն, և սա ես չեմ ասում, այլ փաստում են մասնագետները: Մենք գալիս ենք, որ աշխատատեղերի ստեղծումը բերենք առաջին պլան, որովհետև սոցիալական արդարությունը զարգացման կարևորագույն բաղադրիչն է»,- ասաց նա:




Նաև հավելեց, որ ամպագոռգոռ, պոպուլիստական ծրագրեր ներկայացնելուց կուսակցությունը զերծ է մնալու, քանի որ, ի տարբերություն այլ ուժերի, միշտ պատասխանատու է եղել և պատրաստ պատասխան տալ իրեն վստահող քաղաքացիներին:

Նշենք, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին: