ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը կոչով է հանդես եկել․
«Սիրելի հայրենակիցներ
Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։
Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայասատանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։
Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։
Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։
Վաղը ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբում (Երևան, Աբովյան 9), ժամը 12:00-ին տեղի կունենա բաց քննարկում. մեր հավաքների մեկնարկը հուլիսի 17-ն է։
Եվ այսպես, հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին՝ հանդիպում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև (Պետրոս Ադամյան 14): Մեր պահանջը ներկայացնելուց հետո, կշարժվենք դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13):
Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։
Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք:
Հարգանքով՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ՝ Միքայել Վիրաբյան»։