26.11.2024
Թուրքագետ. Եթե Սիրիայում ու Իրաքում պատերազմն ավարտվի՝ ԼՂ հակամարտությունը կդառնա առաջնահերթություն
prev Նախորդ նորություն

Տպավորություն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կանի. Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:

Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել:

Միաժամանակ, համաձայն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» կառավարության 291-Ն որոշման 94-րդ կետի՝ «յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի»: Այսինքն՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել ԱԻ նախարարությանը, թե օրինակ՝ մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք և պետք է հսկվեն և օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:

«Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաև նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել: