6.12.2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարեց 15 օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ:

Հանձնարարականն ուղղված էր Բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Հանձնարարում եմ, մասնավորապես, 2009 թվականի հունվարի 22-ի կառավարության նիստի որոշման համաձայն հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման քաղաքականության և բնապահպանական խնդիրները վերանայելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ:

«Հասկանալի է, որ բնապահպանական խնդիրներ կան այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակը նախատեսվածից ավելի շատ է: Բայց այդ ոլորտում լուծումներ կան՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում և այլն: Էներգետիկայի նախարարությունից ակնկալում եմ այս հարցին մոտենալ այնպես, որ էներգետիկայի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան»,- հավելեց վարչապետը: