VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այն, թե ուր է գնալու Պապիկյանը, եւ ով է նրան փոխարինելու։ Չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց ինքն էլ տարածում է: Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ով պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է եւ լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը թվարկեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող ունեցվածքը՝ ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում եւ Երեւանում։ «Պարոն Ղուլարյան, հետխորհրդային Հայաստանում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք հասցրել ահռելի ունեցվածք կուտակել… Իմ կարծիքով, սա լավագույն առիթ է, որ գլխավոր դատախազը զբաղվի նաեւ Ձեզանով»,- ասաց նա։ Թովմասյանի գործընկերները մեզ բացատրեցին այս ելույթի ենթատեքստը` բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ներում ճամբարափոխ եղած առնետներին եւ որոշել է հատ-հատ պատժել նրանց, իսկ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը դավաճանների ցանկում առաջիններից է` նա հեղափոխությունից հետո լքեց նավը եւ չլինելով մեծ արժանիքներ ունեցող պաշտոնյա, տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի թեւի տակ։ Նա 1999-2014 թթ․ եղել է Տավուշի մարզպետ, 2014-2016 թթ․՝ քաղշինփոխնախարար, ապա՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2018-ի հոկտեմբերին ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ ճամբարափոխ եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն, որ Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջեւ, ապացուցվել է բազմիցս: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ նրանք նաեւ ատամներով կառչած են իշխանությանը, այնինչ եվրոպական երկրներում նախարարներն ու անգամ երկրի ղեկավարը կարող է հրաժարական տալ անգամ ամենափոքր սխալի դեպքում: Խոսենք փաստերով. Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Խոսքը Լարիսա քաղաքից ոչ հեռու՝ նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախման մասին է։ Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 130-ը: Նկատենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունեցել է գրեթե 5 հազար զոհ, 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա իրադարձություններից հետո ունեցանք 201 զինծառայողի կորուստ: Ընդամենը վերջերս՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի զորամասի հրդեհին էլ զոհ գնաց 15 զինծառայող: Այս եւ այլ ողբերգական դեպքերից հետո իշխանության վերջին օղակներում գտնվող անձինք եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել եւ շարունակում է պաշտոնավարել, չնայած մշտապես հայտարարում է, թե կրում է այդ դեպքերի պատասխանատվությունն ու մեղավորությունը: «Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետեւ ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլեւ նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչեւ այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլեւս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովուրդն է ընտրում, եւ այդ պատճառով չի հեռանում, փաստ է մեկ բան՝ նա կառչած է իր աթոռից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազը որոշել է խառնվել նաեւ համայնքների ղեկավարների գործերին: Բանն այն է, որ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իսկ ի՞նչ է լինելու այս նախագծերի ընդունման արդյունքում: Այսպիսով, օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդպես հնարավորություն կլինի ապօրինի կերպով արված որոշումների արդյունքում օտարված հաստատությունները վերադարձնել համայնքին: Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը եւ ապագա քաղաքապետը աշխատելու է համայնքի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ: Մարզերում համայնքների ղեկավարներին կվերահսկեն մարզային դատախազները: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Ինքնակառավարումը վերահսկվելու է դատախազության կողմից ամբողջությամբ: Հավելենք, որ ՀՀ բոլոր նախկին դատախազները փորձել են այս օրենքը անցկացնել, սակայն չի հաջողվել. միայն Վարդապետյանին հաջողվեց համայնքային շահը նույնացնել պետական շահի հետ եւ մխրճվել համայնքային կառավարման գործերի մեջ:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկում են, որ ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունն է Արցախ գործուղել՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու, որ արցախցիներին համոզի՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մեջ ոչ մի վատ բան չկա։ Արդեն մի քանի շաբաթ է՝ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Արցախ եւ ակտիվ շփումներ, հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ: Նախօրեին էլ հանդիպել է Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Բոլոր հանդիպումներում նա կարմիր թելի պես տանում է ինտեգրման անհրաժեշտության միտքը, որի մասին օրերս նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց՝ իր հարցազրույցներում. «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան: Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի՞ ա կամ պարսի՞կ ա, կամ ռո՞ւս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում եւ հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի՝ ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադրբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է»։ Ուշագրավ է, որ նոր պետնախարարին ներկայացնելիս ԱՀ նախագահ Հարությունյանն անուղղակի հակադարձել է Բաբայանի մտքին. «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց»։
«Հրապարակ» թերթը գրում է. Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների եւ կառույցների ուշադրության կենտրոնում, շուրջ 2 տարի է՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։ Սյունիքի մարզի պաշտոնական աղբյուրն ասաց, որ այդ կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները, իրար հերթ չտալով, տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում, քննարկումներ կազմակերպում, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին եւ այլ հարցերի։ Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, կասկածներ, որ նոր աղետից, այն է՝ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների։ Առավել լավատեսներն ուզում են հավատալ, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ՝ Իրանի, որ առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետեւանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչեւ մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։ Մինչեւ սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները: «Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաեւ, որ 70.000 կազմակերպության կողմից դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուր 69%-ն են կազմում։ Մասնագետները կարծում են, որ տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով։